Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում մեկ ամբողջական դատական համակարգ ստեղծելու նախագիծն ԱԺ-ում ընդունվեց թեժ մթնոլորտում

Երևանում մեկ ամբողջական դատական համակարգ ստեղծելու նախագիծն ԱԺ-ում 
ընդունվեց թեժ մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է միավորել Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները և մայրաքաղաքում ունենալ մեկ ընդհանուր իրավասության դատարան:

Քանի որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, դրանում փոփոխությունների նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 63 ձայն: Պատգամավորներին քվեարկությունից առաջ այդ մասին տեղեկացրեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հայտնեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով հայտարարեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է կարգավորմանը, որ Երևանում ամբողջական դատական համակարգ լինի, քանի որ դա կարող է բեռ դառնալ բնակչության համար: «Եթե մենք ղեկավարվենք զեկուցման հիմքում դրված տրամաբանությամբ, կստացվի, որ պետական որևէ մարմին պետք է ստորաբաժանումներ չունենա վարչական շրջաններում, որովհետև Երևանի տարածքը 15 կիլոմետր է, թող մարդիկ մի ծայրից մյուս ծայրը գնան՝ իրենց խնդիրները լուծելու համար: Ես կողմ եմ քվեարկում պայմանով, որ մենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այս հարցը լրացուցիչ քննարկման առարկա դարձնենք: Ես արդեն պայմանավորվել եմ նախագծի հեղինակների հետ»,- ասաց Կոստանյանը:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին դեմ բոլոր պատգամավորներին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը, քանի որ այդ պարագայում այն չի անցնելու:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը դրեց քվեարկության: Էլեկտրոնային համակարգով քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել:

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց, որ Ռուստամ Մախմուդյանը ևս օրենքի նախագծին կողմ է քվեարկել, սակայն նրա կոճակը չի աշխատել: Արա Բաբլոյանը նաև հայտնեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով գործուղման մեջ է, քվեարկվող նախագծի վերաբերյալ թողել է իր դրական կարծիքը: «Հետևաբար, եթե գումարում ենք Արփինե Հովհաննիսյանի և Ռուստամ Մախմուդյանի ձայները, ստացվում է, որ կողմ է քվեարկել 63 պատգամավոր և հարցն ընդունվել է»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, պնդում էին կրկնել քվեարկությունը, քանի որ էլեկտրոնային համակարգը բոլորովին այլ պատկեր է ցույց տվել: Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց Ռուստամ Մախմուդյանը: Նա հայտարարեց, որ իր կոճակը տեխնիկական խնդիրների պատճառով չի աշխատել, իսկ ինքը կողմ է նախագծին: «Ես բարձրաձայն արտահայտում եմ իմ դիրքորոշումը, որ կողմ եմ քվեարկում»,- հայտարարեց պատգամավորը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Էլեկտրոնային համակարգը ցույց է տվել, որ 61 պատգամավոր կողմ է քվեարկել: Պարոն Մախմուդյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկել, Արփինե Հովհաննիսյանը թողել է իր դրական կարծիքը, հետևաբար 63 կողմ ձայնով որոշումն ընդունվել է»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ նախագծին կողմ է քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, սակայն նա դեմ է: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ դահլիճում որևէ մեկը քվեարկությունից հետո չի հայտարարել, որ սխալմամբ կողմ է քվեարկել, հետևաբար որոշումն ընդունվել է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենք Ռուստամ Մախմուդյանի քվեարկության հետ կապված խնդիր չեն տեսնում, սակայն խնդիրը նրանում է, որ Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել այն պարագայում, երբ ինքը դեմ էր և քվեարկությանը չէր ցանկանում մասնակցել: Նա պահանջում էր կրկնել քվեարկությունը: Արա Բաբլոյանը կրկնեց, որ դահլիճում որևէ պատգամավոր չի հայտարարել, որ ինքը սխալ է քվեարկել: «Միայն պարոն Մախմուդյանն է հայտարարել, որ իր կոճակը չի աշխատել, իսկ ինքը հայտարարեց, որ կողմ է, հետևաբար որոշումն ընդունվել է»,- հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանն այնուհետև քվեարկության դրեց հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը, սակայն «Ելք» խմբակցության պատգամավորները խոչընդոտում էին նիստի ընթացքը: Մի քանի րոպե անց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ցուցադրաբար լքեցին դահլիճը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]