Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան ընդունված Աբրահամ Գևորգի Ազնաուրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կտա տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:
Աբրահամ Ազնաուրյանը (ծնվ.` 1999 թվականի հուլիսի 16-ին) սույն թվականին ավարտել է UWC Դիլիջանի քոլեջը՝ միջազգային բակալավրիատի ծրագրով: Ներկայումս նա ընդունվել է «Lսys.am» կայքում տեղակայված «Լույս»-ի լավագույն տասն օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններից ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան՝ գրականության և գիտության քոլեջ /բակալավր/: Ուսումնառությունը բակալավրի կրթական ծրագրով նախատեսված է 2017 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2021 մայիսի 14-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Ա. Ազնաուրյանի հայրը՝ որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը:
Որոշման նախագծի ընդունմամբ Ա. Ազնաուրյանին հնարավորություն կընձեռվի ավարտել աշխարհի լավագույն բուհերից մեկը և ստացած գիտելիքները ներդնել ՀՀ-ում ոլորտի զարգացման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում