Քաղաքագետը շփման գծում իրավիճակի լարումը չի կապում Արցախի սահմանադրական փոփոխությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում արձանագրված լարումը Արցախում սահմանադրական փոփոխությունների, կամ նախագահական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի: Իրավիճակի լարումը սահմանում պարզապես Ադրբեջանի ռազմավարությունն է, սակայն գոնե մոտակա մի քանի տարիներին Ադրբեջանից լուրջ գործողություններ սպասել պետք չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Արցախը չի գործում ինչ-որ մեկին դուր գալու կամ չգալու համար: Միջազգային հանրությունը սահմանադրական փոփոխությունները չի կարող դիտարկել որպես ժողովրդավարական ուղուց շեղում: Սահմանադրական հանրաքվեն ընդամենը ներքին գործընթաց էր՝ կապված արցախցիների, Արցախի քաղաքականության զարգացման հետ»,-ասաց Իսկանդարյանն ու հավելեց, որ սա զարգացման մեկ այլ փուլ է Արցախի համար:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկանում է, որ լայնածավալ գործողություններով չի կարող ԼՂ հիմնահարցը լուծել, բայց և չի կարող այն լուծել դիվանագիտորեն: Սահմանին իրավիճակի սրումը պարզապես Ադրբեջանի ստրատեգիան է, հայերին հոգեբանորեն ճնշելու փորձ: «Սակայն, քաղաքական տեսանկյունից դիտարկելով, մոտակա տարիներին լուրջ շարժեր Ադրբեջանի կողմից չեն լինի»,-ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանի խոսքով՝ ժողովրդականության առումով Արցախն Ադրբեջանի հետ համեմատել հնարավոր չէ: Ադրբեջանում տիրում է միջինարևելյան ռեժիմ՝ նման Ուզբեկստանի նախկին ռեժիմին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում