Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է՝ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: «Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ քննարկումներ ունեցանք, որոնց արդյունքում կարող ենք հանգել այն հանգամանքին, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման»,- նշել է Պոպովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի գրասենյակից: «Համանախագահները հանդիպել են Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ ունեցան արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Համանախագահները մեկնեցին Լեռնային Ղարաբաղ (հունիսի 12)՝ հանդիպելու «դե ֆակտո» իշխանությունների հետ և այցելեցին մի շարք շրջաններ Լեռնային Ղարաբաղի շուրջը, այդ թվում՝ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի և Քարվաճառի շրջանները: Բաքվում նրանք նաև հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:

Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:

Համանախագահները նույն ուղերձը հղումն են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանություններին: Նրանք խրախուսում են կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին»:

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպատամենտի խոսնակ Հիզեր Նոերթը: «Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել լարվածության հետագա աճից և անհապաղ կերպով քննարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության թուլացմանն ուղղված քայլերը»,- ասվում է հայտարարության մեջ: Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է: Այս մասին նշվում է  Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հունիսի 22-ի հայտարարության մեջ։ «Եվրոպական միությունն  ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում  և թե՛ խոսքում», ասվում է հայտարարությունում: ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։  «Մենք կրկնում ենք նրանց հորդորը կողմերին՝ խուսափելու հետագա էսկալացիայից և դիտարկելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են նվազեցնել լարվածությունը»,- նշել է Հաքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից դիվերսիա իրականացնելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ տեղեկությունը դիվերսիայի և առավել ևս զինծառայողի գերեվարելու վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Հայաստանը քաջածանոթ է հասարակ մարդկանց, քաղաքացիական անձանց որպես դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական կողմի մեթոդներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որում իբր պատկերված է ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ դիվերսանտը: Ադրբեջանի տարածքում հայտնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նախկինում դատված է եղել և հոգեկան խնդիրներ է ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այդ անձը բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ է ունեցել: 

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որն Արցախի պաշտպանության բանակը կանխել է: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:
Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո»:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Թոմ Հենքսը, Ջոշ Բրոլինը, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, երգիչը Ֆարել Ուիլիամսը նախաձեռնություն են սկսել, որի նպատակն է աջակցել երջանկահիշատակ երաժիշտ Քրիս Քորնելին՝ կատարելու իր երազանքն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն երգից ստացված ողջ հասույթը փոխանցելու փախստականներին ու երեխաներին: People.com-ը հրապարակել է հայտնի ասղտերի մասնակցությամբ բացառիկ տեսանյութ, որում նրանք հորդորում են միանալ և կատարել Քորնելի երազանքը: Տեսանյութում ներառված են նաև նախքան երաժշտի մահն արված տեսանյութեր Ջենիֆեր Լոպեսի, Ջորջ Քլունիի, Ռայան Գոսլինգի, Շերի և այլոց մասնակցությամբ:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բաց նամակ է գրել Ավստրալիայի Ազգային հեռարձակողների ցանցի (SBS) ղեկավար Մայքլ Էբայդին՝ դատապարտելով SBS-ի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Նամակն իսկական սառը ցնցուղ է SBS-ի խմբագրական քաղաքականության վրա, որը խուսափում է որակել Հայոց ցեղասպանությունը իրական անունով:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: 

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրներին: 

Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը հաստատել է  սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված 275 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր: Ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց հյուրընկալած  համայնքներին Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում: Մասնավորապես, 275 միլիոն եվրոյից 3 միլիոնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին: Այդ միջոցներն ուղղվելու են առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատչելիության բարձրացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը, տնտեսական ծրագրերին մասնակցելու հնարավորությունների մեծացմանը և աշակերտների ու ուսանողների ինտեգրմանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն  ավարտել է Հայաստանում տնտեսական կատարողականի  վերաբերյալ  հինգերորդ և վերջնական ստուգումը  3-ամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում: Վերանայման գործընթացի ավարտը հնարավորություն է տալիս Հայաստանի  իշխանություններին 21.6 միլիոն դոլարի վարկային միջոցներ ներգրավել: Հիմնադրամը 2014թ. մարտին հաստատել է Հայաստանի հետ «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագիրը (111.57 միլիոն դոլար):

Եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» օդանավակայան իրականացրեց առաջին կանոնավոր չվերթը Հուրգադայից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի` Հուրգադա-Երևան և հակառակ ուղղությամբ և հինգշաբթի` Շարմ Էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ: Թռիչքի տևողությունը մոտ երեք ժամ է:

Պատերազմական իրավիճակի հետևանքով երկարատև դադարից հետո վերականգնվել է Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը: Հունիսի 21-ին կայացել է սիրիական «Աջնիհաթ Աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս առաջին փորձնական չվերթը: Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում»:

Ներհայաստանյան զարգացումներ

 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մայիսին 6,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: 

Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում հունիսի 20-ին անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: «Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, և դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաև մեր տնտեսությունը»,- նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Տողանյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, խնդիրներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: 

Հայաստանի կառավարությունը քաջատեղյակ է այն սպասելիքներից, որ ունի հասարակությունը և իր գործողություններում հաշվի է առնում այդ սպասելիքները։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Մենք պատասխանատվությունից չենք խուսափում։ Այս ծրագիրը ներկայացնում է մեր պատկերացումը և տեսլականը մեր երկրի զարգացման առաջիկա 5 տարիների համար։ Այն նաև հիմքեր է ստեղծում մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Ծրագրի հիմքում դրված է անվտանգ, արդար և խելացի Հայաստան ունենալու տեսլականը»,- ընդգծեց վարչապետը։ Նա ներկայացրեց նաև կառավարության ծրագրի թիրախները՝ 5 տոկոս ՀՆԱ-ի աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում 25 տոկոսով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով: Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության գործունեության ծրագրին: Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր: Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հաշվարկներով՝ Հայաստանի կառավարության գործունեության ծրագրով նախանշված 5 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում Հայաստանի 10,5 մլրդ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին կկազմի 14 մլրդ դոլար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տ.գ.թ. դոցենտ, փորձագետ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ նման ցուցանիշը 1-1,5 մլրդ դոլարով շեղվում է ԱՄՀ-ի կանխատեսումներից:

Հայաստանում երեք ամսում արդեն 3000 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` այդ տվյալները պարզ են դարձել վերջին մոնիթորինգի արդյունքում, որն անցկացվել է երկու ամիս առաջ:

Կառավարությունը հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 20 կուսակցություն եզրափակիչ բանաձև են ընդունել հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի արդյունքներով:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  դատավոր Արտյուշ Գաբրիելյանի  նախագահությամբ  մի քանի անգամ ընդիջվելուց հետո լարված մթնոլորտում ավարտվեց  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը:  Արտյուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի հանդեպ, ով չէր ներկայացել նիստերի դահլիճ:

Վարդենիս-Շորժա ճանապարհին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի վթարից տուժած 7 զինծառայողի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա  նաև տեղեկացրել է, որ վթարից տուժած զինծառայողները, բացի մեկից, գտնվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում: «Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»,- գրել է Հովհաննիսյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունն ավտոմատացրել է յուրաքանչյուր օր կրկնվող տնտեսական լուրերի տեղադրումը: Այսուհետ ռոբոտներն են թարմացնելու տարադրամի փոխանակման, բորսաների տվյալների, թանկարժեք և գունավոր մետաղների, նավթի գների մասին տեղեկատվությունը: Այդ մասին տեղեկացրել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: «Քանակական առումով մեր բովանդակությունը հարստացել է և պատրաստումն արագացել, ինչպես նաև ավտոմատացումն ապահովում է երեք լեզուներով թարգմանություն՝ յուրաքանչյուր լեզվով յոթ նյութ: Եթե պատկերավոր ասենք, մեկ սեղմումով օրվա համար 21 նյութ է պատրաստվում, ինչը հսկայական ծավալ է ամբողջ ամսվա և տարվա համար»,-ասաց Անանյանը: Գործակալության տնօրենի խոսքով՝ տնտեսական նորությունների ավտոմատացումը հավելյալ արժեք է ստեղծում խմբագրության և հաճախորդների համար: Լրագրողներն այսուհետ իրենց ժամանակը կծախսեն ոչ թե այս նորությունների տեղադրման, այլ վերլուծական հոդվածներ, հետաքննություններ, հարցազրույցներ պատրաստելու վրա:

Հայ-գերմանական համատեղ ջանքերով վիշապ քարակոթողների ուսումնասիրության արդյունքում Գորիսի տարածքում  հնագետները վիշապ քարակոթող են հայտնաբերել, որը եզակի է և տարբերվում է մինչ այժմ հայտնաբերվածներից:

Սփյուռք

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլով առաջադրված հայ և հայամետ թեկնածուներից գրեթե բոլորը հաղթանակ են տարել: Հայազգի թեկնածուների մեծ մասն առաջադրված է եղել նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած շարժման՝ «Առաջ հանրապետության» (En Marche!), կողմից:

Լոնդոնում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից հայ ընտանիք է փրկվել: Մեսրոպ Կասեմջյանը 4 News հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչպես է հրդեհի ժամանակ իր 68-ամյա հորաքրոջն օգնել դուրս գալ շենքի 17-րդ հարկից:

Միջազգային խճանկար

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը եւ Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն Բրյուսելում սկսել են Brexit-ի շուրջ բանակցությունները:

Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանում բեռնատարը վրաերթի Է ենթարկել հետիոտներին, ինչի հետեւանքով զոհվել Է մեկ, վիրավորվել տասը մարդ: Բեռնատարը մարդկանց վրաերթի Է ենթարկել Լոնդոնի հյուսիսարեւելյան մասի Ֆինսբերի-պարկ շրջանում: Միջադեպը տեղի Է ունեցել այն պահին, երբ մեծ թվով մուսուլմաններ վերադառնում Էին գիշերային նամազից հետո: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել Է ամեն ինչ անել երկրում մուսուլմանական համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտնել Է այն մզկիթի ծխականների հետ կառավարության ղեկավարի հանդիպման մասնակիցներից մեկը, որի մերձակայքում լույս հունիսի 19-ի գիշերը արտակարգ պատահար Է տեղի ունեցել: «Միսիս Մեյն ասաց, որ աշխատելու Է երկրում մուսուլմանական համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Նա ասաց, որ դրա համար կանի ամեն ինչ»,-նշել Է գործակալության զրուցակիցը՝ դուրս գալով հանդիպումից: Իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել բրիտանացի հպատակին, որը Լոնդոնի հյուսիսային մասում ավտոմեքենայով մարդկանց բազմության մեջ Է մխրճվել մզկիթի մոտ: «Սքոթլանդ յարդի հակաահաբեկչական բաժնի հետաքննության արդյունքներով՝ հունիսի 23-ին Քարդիֆից 47-ամյա Դարեն Ջոն Օսբոռնին առաջադրվել են ահաբեկչության հետ կապված սպանության եւ սպանության փորձի մեղադրանքներ»,- ասված Է Լոնդոնի ոստիկանության հայտարարության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը դաշնակիցների հետ միասին բացարձակ մեծամասնություն Է նվաճել երկրի խորհրդարանի ստորին պալատում: Այդ կուսակցությունն ունի 308 տեղ խորհրդարանի 577-տեղանոց ստորին պալատում, «Դեմոկրատական շարժումից» նրա կենտրոնամետ դաշնակիցները կունենան 42 տեղ: 

Սիրիայի կառավարությունը հայտնել Է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խփել։Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Ռաքայի նահանգի Էս Սաուրա քաղաքից ոչ հեռու: Դամասկոսը հայտարարել Է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք Էր կատարում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ, որն արգելված Է մի շարք երկրներում: ՌԴ պաշտպանության նախարարությունը դադարեցնում Է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում: Այդ մասին ասված Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել հետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Այդպիսով. պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա:  

Մշակույթ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:

Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, իտալացի կինդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քիրսթեն Դանսթը եւ Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսթոնը եւ Սայմոն Քաուելը, ինչպես նաւե ռեփեր Սնուփ Դոգը 2018 թվականին աստղի կարժանանան Հոլիվուդի Փառքի ծառուղում:

71 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը: Նա նկարահանել է շուրջ 70 ֆիլմ։ Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: 

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնություոն 64 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը մրցում էր անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն: 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը ընդհանուր հաշվարկում գրավեց 3-րդ տեղը: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր՝ կանանց 75 կգ քաշային կարգում։

Էդուարդ Մարգարովը 75 տարեկան է։ Տարեց ֆուտբոլասերները, ովքեր նրան խաղադաշտում տեսնելու բախտ են ունեցել, անշուշտ, հիշում են նրա վարպետ խաղը, նրա խփած գոլերը, ինչի համար նրան իրավամբ անվանում էին կաշվե գնդակի գրոսմայստեր։ Հիշում են  ամենայն հարգանքով ու երախտագիտությամբ… Նա «Արարատի» միակ ֆուտբոլիստն է, որ Խորհրդային Միության առաջնություններում նվաճել է բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, տիրել է ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթին և, վերջապես՝ արժանացել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։

ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում տեղի ունեցավ «National Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 54 շախմատիստ՝ այդ թվում 10 գրոսմայստեր: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակեց 5 միավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am