1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տնտեսագետի հաշվարկներով կառավարության գործունեության ծրագրի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի 14 մլրդ դոլարի

Տնտեսագետի հաշվարկներով կառավարության գործունեության ծրագրի արդյունքում 
Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի 14 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հաշվարկներով՝ Հայաստանի կառավարության գործունեության ծրագրով նախանշված 5 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում Հայաստանի 10,5 մլրդ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին կկազմի 14 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տ.գ.թ. դոցենտ, փորձագետ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ նման ցուցանիշը 1-1,5 մլրդ դոլարով շեղվում է ԱՄՀ-ի կանխատեսումներից:

«Այս 14 մլրդ դոլար ՀՆԱ-ի կտրվածքով փորձեցի հաշվարկել նաև 40-45 տոկոս արտահանման աճը` յուրաքանչյուր տարի 5 տոկոս բարձրացնելով տեսակարար կշիռները: Արդյունքում ստացա, որ 2022 թվականին մեր արտահանումը պետք է կազմի 6,3 մլրդ դոլար: Այն բավականին մեծ ցուցանիշ է: Այսպիսի զարգացումների պայմաններում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կմոտենա 4500-5000 դոլարի, ինչը ևս բավականին մեծ ցուցանիշ է, որի ֆինանսական բաղադրիչը բավարարելու տեսանկյունից կասկած է առաջանում»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ 2022 թվականի դրությամբ ՀՆԱ/պետական պարտքի 50 տոկոս ցուցանիշի դեպքում Հայաստանի պարտքը կգերազանցի 7 մլրդ դոլարը, իսկ եթե ՀՆԱ/պետական պարտքի 60 տոկոսը գերազանցի, ապա պարտքը կանցնի 8 մլրդ դոլարի շեմը: Նրա խոսքով` մինչև 2022 թվականը մոտենում է նաև եվրոբոնդերի վճարման ժամանակը, և այն ռիսկերի տեսանկյունից կարող է խոչընդոտել երկրի տնտեսական աճն ապահովելուն:

«Ծրագրում շատ հետաքրքիր դրույթ հանդիպեցի, որտեղ բնապահպանական ոլորտում, արտաքին աշխարհի հետ վարվող քաղաքականությունում պարտքերը կրճատելու մոդել է առաջարկվում: Բավականին յուրահատուկ մոտեցում էր»,- հավելեց նա:

ՀՀ բնապահպանության նախարարությունը ցանկանում է առաջիկա բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար նոր գործիք ներդնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՀ կառավարության ծրագրում բնապահպանական ոլորտի ծրագրերն իրականացվելու են դրամաշնորհների արդյունքում: Նրա խոսքով` դրամաշնորհների աղբյուրները բազմաթիվ են` սկսած «Կանաչ կլիմայի» և «Հարմարվողականության» հիմնադրամից, ավարտված մի նոր գործիքով:

«Այդ գործիքի ներդրումը հանրապետության նախագահի հրամանով պետք է արագացնենք իրականացնել: Դրա արդյունքում երկկողմանի վարկային պարտավորությունները կվերածվեն բնապահպանական ծրագրերի: Օրինակ` եթե Ֆրանսիայի հետ երկկողմանի արտաքին պարտք ենք ներգրավել, ապա բանակցությունների արդյունքում ուզում ենք հասնել այն արդյունքին, որ այդ պարտքը մարենք ոչ թե Ֆրանսիային վճարելով, այլ այն ներդնելով մեր շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի բարելավման գործում: Այդպիսին ընտրել ենք 5 երկիր, որոնք ներուժ ունեն այս ծրագիրն իրականացնելու համար: Դրա հետևանքով նաև արտաքին պարտքի նվազեցում կլինի: Այս պահին հաշվարկված է շուրջ 550 մլն դոլարի այդպիսի հնարավորություն»,- ասաց նախարարը` հավելելով, որ որքան շատ իրականացվեն նման դրամաշնորհներ, այնքան շրջակա միջավայրի բարելավման ծրագրերն արդյունք կտան, և, միևնույն ժամանակ, մեր արտաքին պարտքը կնվազի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]