Հայ դիվանագետը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձր շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում՝ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիական Հանրապետության` Արժանիքի ազգային շքանշանի (Ordre nationale du Mérite) շնորհման կապակցությամբ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Շվեյցարիայում Ֆրանսիայի դեսպան, մշտական ներկայացուցիչ Էլիզաբեթ Լորենը, Ֆրանսիայի Նախագահի անունից հանձնելով բարձր պարգևը, կարևորել է Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքն՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, որը դրսևորվել է ինչպես Փարիզում՝ Հայաստանի դեսպանությունում, այնպես էլ Երևանում՝ Արտաքին գործերի նախարարությունում, աշխատանքի ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, դեսպան Լորենը դրվատանքով է անդրադարձել նաև Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հասմիկ Տոլմաջյանի գործունեությանը՝ ընդգծելով, մասնավորապես, Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի կողմից առաջադրված Ցեղասպանության կանխարգելման բանաձևի միաձայն ընդունման ուղղությամբ գործադրված կարևոր ջանքերը: Երախտագիտություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Հասմիկ Տոլմաջյանը մեծապես կարևորել է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ միջպետական հարաբերություններն ու բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատված քաղաքական սերտ երկխոսությունը:
Պարգևի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ և միջազգային այլ կազմակերպությունների բարձր պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում