Երևանյան բեսթսելեր 4/10. Մարկեսն ամենապահանջված գրողն է
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
Երկրորդ հորիզոնականում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, երրորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Չորրորդ տեղում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Ջորջ Օրուելի «1984» վեպը հինգերորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է` զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է: Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչև այժմ առեղծվածային լռություն է: Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդները… Ուստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ուղևորություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը չափազանց հարաբերական է:
Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» եզրափակում է աղյուսակը: «Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել` որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործություն: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 20 | |
2 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 19 | |
3 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 12 | |
4 | -3 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 12 | |
5 | +1 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 10 | |
6 | * |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 9 | |
7 | -4 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 8 | |
8 | * |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 7 | |
9 | -4 |
Հրաչյա Սարիբեկյան «Ապուշների ուղևորությունը» |
Անտարես | 7 | |
10 | 0 |
Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը» |
Անտարես | 7 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում