«CerTour» ծրագիրը կնպաստի Հայաստանում ագրոտուրիզմի զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «CerTour» ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ ծրագիրը նպաստում է ագրոտուրիզմի զարգացմանը, ոլորտում որակական չափանիշների ներդրմանը, միջազգային կառույցներին ինտեգրմանը, ինչը հնարավորություն է տալիս ագրոտուրիզմի ոլորտում Հայաստանի մատուցած ծառայությունները ներկայացնել միջազգային համակարգի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Հայաստանում զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը պետական քաղաքականության հիմնախնդիրներից է և ագրոտուրիզմի զարգացումն այդ շրջանակներում խիստ կարևորվում է այն իմաստով, որ նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, բացի գյուղատնտեսական աշխատանքներից նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման հնարավորությանը»,- նշեց Ապրեսյանը` հավելեով, որ «CerTour» ծրագիրը գալիս է ի նպաստ այս խնդիրների լուծման: Աշխատանքներ են տարվում գյուղացիական տնտեսությունների բնակիչների հետ, իրականացվում են վերապատրաստումներ, կարողությունների զարգացման դասընթացներ և ստեղծվում է միջազգային չափանիշների համապատասխանող որակներով միջազգային շուկային ներկայանալու հնարավորություն:
Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանն ասաց, որ Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ գյուղական տուրիզմը զարգացած չէր, և մտավախություն կար, որ դաշտը ծանր կզարգանա, սակայն այսօր գյուղական հյուրատները բավականին լավ են աշխատում:
«Ընդհանրապես գյուղական տուրիզմը զարգանում է հարևան երկրների շնորհիվ, ինչը հասկանալի պատճառներով գյուղական տուրիզմը զարգանալ չի կարող: «CerTour» ծրագրի շրջանակներում ագրոտուրիզմը դիտարկվում է որպես տուրիզմ, որը հիմնված է գյուղական բոլոր հետաքրքրությունների վրա: Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է տուրիստի համար, և երբ վերջինս երկար ճանապարհ է անցնում , չի կարող շաբաթներով մնալ մի գյուղում, ուզում է տեսնել ամբողջ Հայաստանը»,- հավելեց ասոցիացիայի նախագահը:
«CerTour» ծրագրի Հունաստանի ներկայացուցիչ Գեորգ Ստամպուլիսը նշեց, որ զբոսաշրջությունը մեծ կարևորություն ունեցող ուղղություն է , տնտեսական աճ ապահովելու համար կարևոր հենասյուն:
«Տարածաշրջանների զարգացման տեսանկյունից անարդարացի կլիներ միայն սահմանափակվել խոշոր ընկերություններով: Որպեսզի ագրոտուրիզմը դառնա արդյունավետ` պետք է հասկանալ, որ կարևոր է հաճախորդներին բավարարելը: «CerTour»- խնդիրն է խթանել ագրոտուրիզմը գործընկեր երկրներում: Պետք է ստեղծել յուրատեսակ ստանդարտներ ագրոտուրիզմի համար, քանի որ ISO 9000 ստանդարտը շատ ծանր է փոքր տուրիզմով զբաղվող գործընկերների համար»,-հավելեց Ստամպուլիսը` նշելով , որ ագրոտուրիզմի համար պետք են առանձնահատուկ ստանդարտներ, որոնք կկարգավորեն ագրոտուրիզմի խնդիրներն առանձին -առանձին:
«CerTour» ծրագրի նպատակն է որակի միասնական յուարհատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոտուրիզմը գործընկեր երկրներում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում