Երևանյան բեսթսելեր 3/36. «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Երկրորդ հորիզոնականում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից :
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երրորդ հորիզոնականում է:
Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» հայտնվել է չորրորդ տեղում: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:
Հինգերորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, վեցերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Համաշխարհային ճանաչման արժանացած այս վեպին հաջորդում է Հարփըր Լիի` դասական դարձած և Պուլիտցերյան մրցանակի արժանացած «Ծաղրասարյակ սպանելը…» վեպը: Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում` համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը:
Ջորջ Օրուելի «1984» վեպը ութերորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունն իններորդն է: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառելու հնարավորություն է ստացել:
Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» ստեղծագործությունը եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Թե Էկոյի, թե Կարիերի կիրքը գիրքն է` նոր ու հին, խելացի ու հիմար, ժողովրդականություն վայելող և հազվադեպ հանդիպող: Զրույցների այս ժողովածուն անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին: Այն կարծես նոստալգիկ սիրո խոստովանություն է հիշեցնում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ/ Անտարես | 107/18 | |
2 | -1 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ/Բուկինիստ | 26 | |
3 | * |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 14 | |
4 | +3 |
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին» |
Անտարես | 10 | |
5 | * |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 7 | |
6 | -1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 | |
7 | -1 |
Հարփըր Լի «Ծաղրասարյակ սպանելը…» |
Զանգակ | 6 | |
8 | -4 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 6 | |
9 | * |
Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը» |
Անտարես | 6 | |
10 | * |
Ժան-Կլոդ Կարիեր և Ումբերտո Էկո «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» |
Անտարես | 6 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում