Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Ադրբեջանում «ստրուկների շուկայում» աշխատանք չգտնող պատմության ուսուցիչը օգնություն է խնդրում

Ադրբեջանում «ստրուկների շուկայում» աշխատանք չգտնող պատմության ուսուցիչը օգնություն  
է խնդրում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսմայիլլիի շրջանի Գուբախալիլլի գյուղի բնակիչ, պատմության ուսուցիչ Վյուգար Վագիֆ օղլու Հուսեյնովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ պետական կառույցներին բաց նամակ է հղել, որում խոսել է իր եւ իր ընտանիքի ցավալի վիճակի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ին հասած նամակի օրինակում պատմության ուսուցիչը գրում է, որ, հետեւելով պատգամավոր Հադը Ռաջաբլիի այն խորհրդին, որ Ադրբեջանում ուսուցիչները պետք է պատրաստ լինեն ընտանեական հոգսերը հոգալու համար իրենց մասնագիտական պարտականություններին զուգահեռ նաեւ բանվորություն եւ այլ սեւ աշխատանքներ անելու, ինքը համաձայն է սեւ աշխատանքի, անգամ շաբաթներով մեկնել է Բաքու` «ճորտերի շուկա», սակայն աշխատանք գտնել չի հաջողվել:

«2014-2015 թվականների ուսումնական տարում շաբաթական դասաժամերիս քանակը 15 ժամ է, ամսական աշխատավարձս` եկամտահարկն ու այլ հարկերը հանած, կազմել է 218 մանաթ: Ունեմ կին եւ երեք զավակ: Առողջական պատճառներով կինս չի կարող աշխատել: Պետության տված 218 մանաթով ես չեմ կարողանում պահել աղքատության մեջ գտնվող ընտանիքս: Մթերային խանութներին, դեղատանը եւ «Յունիբանկ»-ին պարտք աղքատ ուսուցիչ եմ: Ստացածս 435 մանաթ արձակուրդայինս ծախսել եմ պարտքերս փակելու համար: Դեռեւս 674 մանաթ 85 քյափիք պարտք ունեմ: Մենք` ուսուցիչներս, հաջորդ աշխատավարձը ստանալու ենք հոկտեմբերին: Բազմիցս մեկնել եմ Բաքու եւ Իսմայիլլի` «ճորտերի շուկայում» աշխատանք գտնելու, բայց չեմ կարողացել գտնել:

Պարո՛ն նախագահ, 2003 թվականի ընտրություններից հետո Դուք ասացիք, որ լինելու եք Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու նախագահը: Խնդրում եմ օգնել բնակելի դարձնել երկրաշարժից վնասված տունս, ինձ հատկացված հողակտորը մշակելու համար պարարտանյութ գնել, գրքերս հրատարակելու համար 5 հազար մանաթ հատկացնել Ձեր պահուստային հիմնադրամից:

Մյուս ցանկությունս էլ այն է, որ վերականգնեք երեխաներին տրվող նպաստը: Այն պետք է հատկացնել ոչ միայն բազմազավակ ընտանիքներին, այլ նաեւ մեկ-երկու երեխա ունեցող ընտանիքներին: Բանկերի վարկային տոկոսները նվազեցնել մինչեւ 8-9 տոկոս: Ուսուցիչների աշխատավարձն ավելացվելուց հետո ամսական 20 տոկոսանոց եկամտահարկը երեք անգամ մեծացվել է: Շատ եմ ուզում, որ ուշադրություն դարձնեք իմ բարձրացրած հարցերին եւ չունեւոր ընտանիքներին», -նամակում գրել է Հուսեյնովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am