ՀՀ ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրաքի եզդիների նկատմամբ բռնությունները
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «ՀԱԿ», «ՀՅԴ», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցություններն իրենց մտահոգություն են հայտնել ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների ու բռնությունների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին նշված է ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ, որում ասված է.
«Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները:
Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք ունի:
ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչություններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարվածի անթույլատրելիության եւ մարդասիրական աջակցության ապահովման անհրաժեշտության մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը եւ վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը եւ այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարավորությունները»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում