ԳՅՈՒՄՐԻ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Արկադի Ակոպովն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հարցերով: Խնդիրն, ըստ պատմաբանի նոր չէ, այն առաջ է եկել 19-րդ դարում, երբ վրացիներն առաջին փորձերն են արել «սեփականաշնորհել» Տայքի ողջ մշակութային շերտը՝ այն վերագրելով վրացական էթնոսին: Այնինչ, կան վառ վկայություններ այն մասին, որ դրանք պատկանել են հայ քաղկեդոնականներին՝ ուղղափառ հայերին: Այս գործընթացը, ցավոք, շարունակվում է նաև այսօր: «2012 թվականից սկսած մինչ օրս վերականգնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող 2 հուշարձան՝ առաջինը Իշխանի եկեղեցին՝ կառուցված 7-րդ դարում հայոց Ներսես 3-րդ կաթողիկոսի կողմից: Այդ եկեղեցին 9-րդ դարում որոշակի վերափոխումների է ենթարկվել ու օծվել է քաղկեդոնական ծեսով: Թեև եկեղեցու արձանագրությունները վրացերեն են, բայց կան հայատառ թվագրումներ»,-ասում է վրացագետը:
Ինչպես նա տեղեկացրեց «Արմենպրես»-ին, 2012 թվականի եկեղեցու վերականգնումն իրականցրել է թուրքական մի ընկերություն՝ վրացական կողմի հետ համատեղ: Երկրորդ եկեղեցին, որի վերականգնման աշխատանքները մեկնարկեցին 2014 թվականի ապրիլին՝ Օշկվանքն է, որի հիմնադրվել է 963 թվականին: «Այստեղ նույնիսկ անունն է խոսում հայկական լինելու փաստի մասին, սակայն վրացիների հետ խոսելիս նրանք պնդում են, որ դա իրենց մշակույթի կարևորագույն ժառանգություններից մեկն է: Խնդիրն այն չէ, արդյոք այնտեղ վրացի հոգևորականներ եղել են թե ոչ, բնականաբար, քանի որ հայերը չեն ունեցել ուղղափառ պատրիարքություն, պետք է ենթարկվեին վրացական կաթողիկոսին՝ Տայքում վրացական թեմեր եղել են: Խնդիրը կայանում է նրանում, թե այդ եկեղեցիները ում համար են եղել կառուցված:
Տարբեր պատմական փաստերի համադրումից ու թուրքական հարկացուցակներից երևում է, որ այս տարածքի բնակչության գոնե ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջը, եղել է հայ: Այսօր էլ Տայքում կան գյուղեր, որտեղ բնակվում են հայեր՝ ճիշտ է, նրանք մահմեդական են և հայերեն չեն խոսում, բայց գիտեն, որ հայ են: Այդ պատճառով էլ վրացական կողմի այն պնդումը, որ տարածքը վրացական է, վրացական հարավային ծայրագավառ, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ 4-8-րդ դարերում Տայքը եղել է Մամիկոյանների ժառանգական տիրույթը: 8-րդ դարում նոր Բագրատունիները, արաբների դեմ պայքարելու համար, ընդունեցին քաղկեդոնական դավանանքը՝ վրացական տեսքով: Վրացերենն անգամ 10-րդ դարում եղել է միայն եկեղեցական ժամերգությունների լեզու, մնացած բոլոր դեպքերում կիրառվել է հայերենը: Տեղանունները ևս հայկական են»,-նշեց Արկադի Ակոպովը` բերելով մի շարք այլ ապացույցներ, որ այդ եկեղեցիները հայկական ծագում ունեն: Երիտասարդ վրացագետը այս պարագայում խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. ելքը քաղաքական դաշտում, պետական մակարդակով լուծելն է: «Կամ էլ գիտական մակարդակում գտնել ելք` հայկական արմատներ ունեցող վերականգնվող եկեղեցիներում վրացիների հետ համատեղ արշավախմբեր ձեռնարկել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա, ասենք, հայ ճարտարապետներ ընդգրկել այդ արշավախմբերում, որպեսզի վերականգնման ժամանակ հայկական առանձնահատկությունն ու տարրերը չոչնչացվեն»,-նշեց պատմաբանը` ավելացնելով, որ եթե «Իշխանի եկեղեցին» ամբողջովին արդեն իսկ վերականգնված է վրացական ոճով, ապա Օշկվանքի վերականգնման աշխատաքները դեռ նոր են մեկնարկել, և Օշկվանքի ծագումնաբանությունը «փրկելու» հնարավորություն դեռ կա:
Տայքում ընդհանուր առմամբ, բացի այս երկուսից, հայկական շատ պատմամշակութային արժեքներ դեռ կան՝ «Մայր Աստվածածին» և Զվարթնոցի նմանությամբ կառուցված «Բանակի» եկեղեցիները, Չորդվանքը և այլ կառույցներ: «Վատն այն է, որ, ի տարբերություն հայերի, վրացական կողմը հզոր քարոզչություն է տանում այն ուղղությամբ` ապացուցելու այս կառույցների վրացական լինելու փաստը, բայց մեր կողմից դա չի արվում: Անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ մասսայականացնել այդ պատմական հուշարձանները՝ բոլորը գիտեն Անիի, Աղթամարի, Արևմտյան Հայաստանի այլ հուշարձանների մասին, բայց հազարից մեկը չգիտի, որ Տայքում մենք ունենք հսկայական պատմամշակութային ժառանգություն: Տուրիստական ընկերությունները պետք է չխուսափեն իրենց երթուղիներում ընդգրկել նաև Տայքը, որտեղ ամեն ծառի հետևում հայկական մի հուշարձան ունենք»,-ավելացրեց Արկադի Ակոպովը :
Արմենուհի Մխոյան