Երևանյան բեսթսելեր 2/21. Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» գիրքը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է իրանահայ արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում:Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:
Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:
Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն այս անգամ երկրորդ հորիզոնականում է:
Երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախաութի հրատարակությամբ:
Մարկեսի մեկ այլ`«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը չորրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Գուրգեն Մահարիի «Չարենց-նամե» ժողովածուն ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:
Նարեկացու` մեկ այլ «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է:
«Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ».այս փիլիսոփայությունն է արծարծում Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը, որն ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Իններորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն վերջերս լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր |
Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները»
|
Էդիթ Պրինտ | 70 | |
2 | +4 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»
|
Նաիրի | 30 | |
3 | -2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 25 | |
4 | -2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
|
ՎԱ-ՀԱ | 20 | |
5 | * |
Գուրգեն Մահարի «Չարենց-նամե»
|
Բուկինիստ | 15 | |
6 | * |
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»
|
Մուղնի | 10 | |
7 | նոր |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին»
|
Բուկինիստ | 10 | |
8 | -4 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 8 | |
9 | -6 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 6 | |
10 | -3 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
|
Էդիթ Պրինտ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում