ՀԱՄՀ-ն Սեուլում ներկայացրել է Հայաստանի ավիափոխադրումների մրցունակության առարկայական մոտեցումները
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նոյեմբերի 21-22-ին մասնակցել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցած Մրցունակության համաշխարհային գագաթաժողովին և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության տարեկան համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից, միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 33 երկրների պետական և մասնավոր ոլորտների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գագաթաժողովի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված Հայաստանի ավիափոխադրումների ոլորտի մրցունակության ռազմավարությունը: Մասնավորապես, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ավիափոխադրումների մրցունակության առարկայական մոտեցումները ներկայացրել է Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, Ռազմավարության և ֆինանսների նախարար Օ-Սոք Հայնին: Քննարկվել են Կորեայի ավիացիայի բնագավառի փորձի փոխանակման և կորեկան ընկերությունների Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր: Համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում