Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Արարատ 73»- 40 տարի անց: Լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը այսօր էլ մարզում է «Արարատ»-ի նոր հերթափոխը

«Արարատ 73»- 40 տարի անց: Լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը 
այսօր էլ մարզում է «Արարատ»-ի նոր հերթափոխը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ 73»-ի պատմական հաղթանակը կերտողներից մեկը  թիմի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն է:  Այսօր, հաղթական այդ օրվան եւ իր երիտասարդությանը շատ կարոտած ֆուտբոլիստը շարունակում է մնալ մարզադաշտում, բայց արդեն որպես մարզչի օգնական:

«Արմենպրես»-ը ներկայացնում է տարիների հեռվից «Արարատ 73»-ի երբեք չմարող ու սերունդներին հպարտություն պարգևող այդ հաղթանակների կերտման նորահայտ մանրամասները: Դրանք «հավերժական թարմությամբ» պատմում են և չեմպիոն հերոսներն ու և այդ տոնական օրերն ըմբոշխնած ականատեսները:

Պատմում է Ալյոշա Աբրահամյանը:

 Ծնվել է 1945 թվականին: Դարպասապահ: Սպորտի վարպետ:  1966 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի  առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին  եղել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին` երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1975թ. ԽՍՀՄ գավաթակիր: 1966 թվականին արժանացել  է «Սմենա» ամսագրի «Լավագույն սկսնակ» մրցանակին: 1973 թվականին ընդգրկվել է երկիր 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն սովետի  պատվոգրով:  Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 189 խաղի:   

Արարատ»-ը հայկական ֆուտբոլի ոսկետառ եւ լուսավոր էջն է, ինչպես է այն մնացել Ձեր հիշողության մեջ:

-Ես դեռեւս «Արարատ»-ում եմ: Մարզչի օգնական եմ աշխատում: «Արարատ 73»-ի պես թիմ էլ չի լինի, հենց այդպիսի «Արարատ» չի լինի, որը 70-ական թվականներին հասավ մեծ բարձունքների, որպիսին կար ԽՍՀՄ ֆուտբոլի ժամանակներում: Բոլորը կարծես հատուկ ընտրված լինեին, և քանի որ երկար ժամանակ միասին  խաղում էինք, ուրեմն արդյունքի հասնելու պահը եկել էր:  Ի շնորհիվ մեր նախկինում ունեցած բոլոր մարզիչներին եւ, իհարկե, Նիկիտա Սիմոնյանի շնորհիվ, հասանք այդ մեծ բարձունքին:  Հիմա,  «Արարատ» ասելիս, երիտասարդությունս եմ հիշում:   

-Ինչպես եղավ, որ ընտրեցիք ֆուտբոլիստի ուղին:

 - Հենց սկզբից ես ֆուտբոլով չեմ զբաղվել: Մարզվել եմ, թե մարմնամարզությամբ, թե բասկետբոլով եւ թե վոլեյբոլով:  Շատ հաջող  վոլեյբոլ էի խաղում,  նույնիսկ ԽՍՀՄ սպարտակիադայի եմ մասնակցել: Բայց մեր ընտանիքում ֆուտբոլն էին  սիրում:  Հինգ եղբայր էինք, ինձնից բացի բոլորը  ֆուտբոլի էին գնում: Մի օր, երբ գործերս տարա ինստիտուտ, վաղամեռիկ ֆուտբոլիստ Ալբերտ Աբրահամյանին, հանդիպեցի, առաջարկեց խաղալ «Շիրակ»-ի պատանիների թիմում: 

-Ինչպես եղավ, որ Ալյոշա Աբրահամյան հարձակվողը,  ի վերջո դարձավ դարպասապահ:

-Սկսեցի խաղալ հարձակման գծում, բայց քանի որ նրանք չունեին դարպասպահ, իսկ ես էլ բարձրահասակ էի, արդեն մարզված, սկսեցի դարպասը պաշտպանել: Մեկ-երկու շաբաթ մարզվելուց հետո մեկնեցիք ԽՍՀՄ պատանիների առաջնությանը: «Շիրակ»-ում մեկ խաղաշրջան խաղացի հետո 19 տարեկանում տեղափոխվեցի Երեւանի «Արարատ»: Ինձ համար էլ էր անսպասելի նման մեծ «թռիչքը»: 1964 օգոստոսից «Արարատ»-ի հիմնական կազմում էի: Դարպասապահի խաղը ինքնին շատ դժվար է, ծանր եւ պատասխանատու: Ինձ շատ օգնեց վոլեյբոլով մարզվելը` և թռիչքները, և ցատկերը, և ճարպկությունը դարպասապահի համար կարևեւոր են: Ես ունեի դրանք: Մի քանի մարզաձեւերով զբաղվելը իր խոսքն ասաց:

-Դուք պաշտպանության վերջին գծում էիք, իսկ ովքեր էին  «Արարատ»-ի առաջին գծում:

 -Այդ շրջանում բոլորս էինք մեր ուսերին տանում  «Արարատ»-ը: Չեմ կարող առանձնացնել ոչ մեկին,  քանի որ նախ բոլորս միմյանց հանդեպ հարգանքով էինք, խաղում էինք մեծ  պատասխանատվությամբ ու նվիրումով: Իհարկե, լինում էին նաև վիճաբանություններ  անհասկանալի պահեր, դա լինում է բոլոր ընտանիքներում,  եւ դա գործին օգուտ է բերում, ու մենք շուտ մոռանում էինք այդ մասին:

-Դուք «Արարատ»-ի կազմում ամենաշատ հանդիպումներն եք անցկացրել:  Կան խաղեր, որ ուզում եք չհիշել, բայց եւ, չեք կարողանում մոռանալ:   

-Այո, կային թիմեր, որոնց հետ մեր խաղերը  դժվար էին ընթանում: Օրինակ, Մոսկվայի «Սպարտակ»-ի, Լուգանսկի «Զարիա»- դեմ խաղերն ամենահիշվող են, քանի  որ կային խաղեր, որոնց վերջնական արդյունքը որոշվում էր 11 մետրանոց հարվածների միջոցով: Այդպիսի պահերը դարպասապահների համար բարդ են, դժվար: Գիտես, որ քո թիմի պատիվը, հաղթանակը քո ձեռքերում են: Մի այդպիսի հանդիպման ժամանակ, հիմա օրը չեմ հիշում, ինձ հաջողվեց հետ մի մղել  մի քանի 11 մետրանոց հարվածներ, ու մենք հաղթեցինք: Երեք տարի շարունակ մենք Մոսկվայի չեմպիոնն էինք,  ոչ մի պարտություն չկրեցինք: Մինչեւ հիմա հիշում եմ նաեւ գավաթի եզրափակիչ խաղից անմիջապես հետո «Շախտյոր»-ի հետ մեր հանդիպումը: Այդ թիմը ԽՍՀՄ ուժեղագույն թիմերից մեկն էր, մենք էլ արդեն գավաթակիր էինք դարձել և պարտվելու կամ ոչ-ոքի խաղալու բարոյական իրավունքը չունեինք:

-Ասեք խնդրեմ ինչ տարբերություն կա մեր օրերի  եւ 40 տարի առաջ Ձեր խաղացած ֆուտբոլի  միջեւ:   

 -Ասեմ, հիմա ամեն ինչ ավելի արագ է դարձել: Հիմա ֆուտբոլիստներն ավելի արագ են տեղաշարժվում: Մենք այն ժամանակ գնդակով «չարչարվում էինք»: Ես միշտ մեր օրերին «Արարատ»-ին նմանեցնում եմ «Բարսելոնա»-ին: Մենք խաղում էինք կարճ փոխանցումներով, արագ եւ կազմակերպված հարձակումով, եզրից եզր էինք տեղափոխվում: Եղել է նաեւ հանդիպում` Դեպրոպետրովսկում, որտեղ տեղի «Դնեպր»-ի հետ հանդիպման ընթացքում 7 րոպեից ավել մրցակցին գնդակ չհասավ:  Մենք այդ խաղում հաղթեցինք 0-1 հաշվով:

-Ունի արդյոք Պարոն Աբրահամյանը սիրելի ակումբ, որի խաղերին հետեւում է եւ ունի սիրելի ֆուտբոլիստ:

-Այո, «Մանչեստեր Յունայթեդ»: Ունեի նաեւ սիրելի ֆուտբոլիս Էրիկ Կանտոնան, ցավոք, հիմա չի խաղում: Հրաշալի մարզիչ է նաեւ սր. Ալեքս Ֆերդյուսոնը: Չեմ ասում էլ մեր  ազգային հավաքականի մասին: Մեր տղաները կարողանում են գնդակը լավ խաղարկել: Բայց թե, ինչ էլ անեն, մենք միշտ էլ ավելին ենք ուզում: Կարող եմ վստահաբար ասել, մեր տղաները կարող են լավ խաղալ, հրաշալի խաղ ցուցադրել: Կարող են հակառակորդների համար խնդիրներ  ստեղծել: Հիմա բոլոր թիմերն էլ հաշվի են նստում մեզ հետ: Խմբային փուլում կարող են լավ արդյունք ցույց տալ:  Հավաքականի անդամներից Հենրիխ Մխիթարյան լավ ապագա ունի: ճանաչում էի Համլետ Մխիթարյանին, արժանի զավակն է իր հոր: Մեզ չի հետաքրքրում Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղը, մենք նայում ենք Հենոյի խաղը: Մեծ առաջընթաց էր Յուրայի համար «Սպարտակ» տեղափոխությունը: Մովսիսյանն ինձ պես գյումրեցի է, եւ ես ճանաչում եմ նրա հորը: Յուրայից մենք շատ բան ենք սպասում:

 

Ալյոշա Աբրահամյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը 
Լուսանկարները՝ Արմենպրեսի արխիվ և Արևիկ Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am