Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Հունգարիան կարող է մեղքը քավել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելով. Գագիկ Հարությունյան

Հունգարիան կարող է մեղքը քավել Լեռնային Ղարաբաղի անկախությունը 
ճանաչելով. Գագիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մեղքը Հունգարիան լավագույնս կարող է քավել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելով: Այս մասին հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Գագիկ Հարությունյանը` սեպտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում: Նրա դիտարկմամբ` ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման փաստին հաջորդած իրադարձությունները Հայաստանի համար բացեցին նոր պատմական էջ: «Այս քայլը գենոցիդոգեն տարր է պարունակում իր մեջ: Հունգարիայից նման քայլ չէինք սպասում, բայց Ադրբեջանի գործողությունները մեզ համար անակնկալ չէին»,-նշեց Հարությունյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին իրադարձությունները բավականաչափ բարդացրեցին բանակցային գործընթացը: «Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ բանակցային գործընթացը պետք է պահպանվի, քանի որ այն բխում է նաև մեր շահերից»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ Հունգարիայի ցինիկ դրսևորումից հետո չարժե այսքան շուտ ներել նրան և հաշտվել հունգարական կառավարության հետ: «Սա թող դաս լինի, որ մենք չհավատանք ամեն մի ամբիոնից լսվող խոսքերի»,-ասաց նա: Հայաստանը Հունգարիայի հետ չունի այնպիսի խնդիր, հանուն որի արժե այսքան շուտ հաշտվել:

Դադարեցված բանակցությունները, Հարությունյանի համոզմամբ, այնուամենայնիվ, շուտ չեն վերականգնվի, քանի որ այն շատ բարդ գործընթաց է: Այս հարցում շատ կարևեոր է նաև ժողովրդի տրամադրվածությունը:

Ռուսաստանի արձագանքին Գագիկ Հարությունյանը սառնասրտորեն է մոտենում: Վերջինս կարծում է, որ չպետք է պատրանքներ ունենալ, չնայած, այդուհանդերձ, համոզված է, որ Ռուսաստանն աչքաթող չի արել հարցը: «Սա քաղաքական որոշում է, ինչով Ռուսաստանը ցանկացավ ցրել լարվածությունն ու պահպանել բարեկամությունը թե Հայաստանի, թե Հունգարիայի հետ»,-ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am