Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սլովակիայի վարչապետի վիճակը մահափորձից հետո շարունակում է մնալ ծանր

Սլովակիայի վարչապետի վիճակը մահափորձից հետո շարունակում է մնալ ծանր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո դեռևս մնում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում. նրա վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։

Ըստ Սլովակիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում։

«Ցավոք, առայժմ չեմ կարող արձանագրել, որ կանխատեսումը դրական է, քանի որ չորս հրազենային վիրավորումների առաջացրած վնասվածքների մասշտաբներն այնքան մեծ են, որ օրգանիզմի արձագանքը շատ բարդ է լինելու», - ասել է Կալինյակը։

Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարվել մայիսի 15-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստից հետո: Վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց։ Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրում։

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը գործել է քաղաքական դրդապատճառներով։ Նրան սպառնում է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Սլովակիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի վարչապետի դեմ մահափորձը կատարել է 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան, որը կրակել է Ֆիցոյի վրա, երբ վարչապետը մոտեցել էր ողջունելու նիստի անցկացման վայրի մերձակայքում հավաքված մարդկանց։ Հանրապետության ՆԳ նախարարությունը հայտնել է, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակած անձը գործել է միայնակ, մասնակցել է հակակառավարական ցույցերին, սակայն կապված չէ արմատական ​​խմբավորումների հետ։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը համաձայն չի եղել երկրի նախարարների կաբինետի գործողությունների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am