Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մարտունի քաղաքում 2023 թվականին սուբվենցիոն 14 ծրագիր է իրականացվել

Մարտունի քաղաքում 2023 թվականին սուբվենցիոն 14 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021-2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս, Գետափնյա-2 փողոցների երթևեկելի մասերը, բազմաբնակարան 5 շենքի տանիք,  սալիկապատվել Սայաթ-Նովա, Գևորգ Զիրոյան, Հեռուստաաշտարակի, Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս փողոցների մայթերը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները,  կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման և ջրահեռացման համակարգ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գույք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագրերի իրականացման  նպատակով ներդրվել է 907 մլն 762 հազար դրամ, որից 541 մլն 573 հազար 450 դրամը ՀՀ կառավարության, 366 մլն 188 հազար 550 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։   

Թումանյան փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է Թումանյան փողոցի 256 գծամետր երկարության և 3685 քմ մակերես ունեցող հատվածը՝ միանալով հիմնանորոգված Կարապետյան  և Վարդան Մամիկոնյան  փողոցներին։ 

Թումանյան փողոցի մայթերի սալարկման պայմանագրային արժեքը կազմում է 34 մլն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Թումանյան փողոցի մայթերը սալարկվել են 233 գծամետր երկարությամբ և 550 քմ մակերեսով։

Թումանյան փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատման և մայթերի սալարկման  շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի սկզբներից  ավարտվել  հոկտեմբերին։ Արդիականացվել են  դիտահորերը, կառուցվել  է ջրահեռացման համակարգ։ Մայթերը սահմանազատվել են բազալտե եզրաքարերով և սալարկվել բազալտե սալիկներով։

Սայաթ-Նովա և Գևորգ Զիրոյան  փողոցների  մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 164 մլն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին և ավարտվել նոյեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Սայաթ-Նովա և Գևորգ Զիրոյան փողոցների մայթերը բազալտ քարով սալիկապատվել են 2940 գծամետր երկարությամբ և 7445 քմ մակերեսով։  

Մարտունու գերեզմանոց և հեռուստաաշտարակ  տանող ճանապարհի մայթ-աստիճանավանդակի կառուցման ու գերեզմանոցի մուտքի ճանապարհի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 մլն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում  քաղաքի գերեզմանոց տանող ճանապարհին կառուցվել է  միակողմանի մայթ-աստիճանավանդակ՝ բազալտե սալերով՝ 359 գծամետր երկարությամբ, 502 քմ մակերեսով, գերեզմանոցի մուտքի ճանապարհը սալարկվել է տուֆ քարով՝ 100 մետր երկարությամբ, 600 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերին և ավարտվել դեկտեմբերին։ Ծրագրի իրականացմամբ կարգավորվել է գերեզմանոց ու հեռուստաաշտարակ տանող ճանապարհի հետիոտնային անցման անվտանգության խնդիրը, բարեկարգվել գերեզմանոցի մուտքի ճանապարհը։   

Մարտունու Կարապետյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 մլն 916 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Կարապետյան փողոցի երթևեկելի մասն  ասֆալտապատվել է  1100 գծամետր երկարությամբ և շուրջ 6700 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել սեպտեմբերին։

Կարապետյան փողոցի մայթերի սալիկապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 մլն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կարապետյան փողոցի երկկողմանի մայթերը սալիկապատվել են 1100 գծամետր երկարությամբ և 2200 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսին և ավարտվել սեպտեմբերին։

Մարտունի քաղաքի Գետափնյա-2 փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 63 մլն 860 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Գետափնյա-2 փողոցն  ասֆալտապատվել է  600 գծամետր երկարությամբ և  2500 քմ մակերեսով՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։   Գետափնյա-2 փողոցը   Մարտունու բժշկական կենտրոնը կապում է Երևան-Մարտունի-Վարդենիս մայրուղուն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել օգոստոսին։

Մարտունի քաղաքի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 մլն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցը ներառող հատվածում  կառուցվել է 926 մետր երկարության  ջրահեռացման համակարգ, որը բաղկացած է ջրանցքից, յոթ անցումային հորերից, անկյունային և ջրթող հորերից։  Ջրանցքի հարավային մասը կառուցվել  է երկաթբետոնե կիսախողովակներով, իսկ Կամոյի փողոցին հատվող կետից դեպի հյուսիս՝ պոլիէթիլենային ծալքավոր խողովակներով։  Համակարգի կառուցմամբ միաժամանակ լուծվել է  նաև  շուրջ 100 տնտեսության բնակարաններն ու հողամասերը  պարբերաբար արտահոսող ջրի հեռացման խնդիրը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են  2023 թվականի հունիսին և ավարտվել  դեկտեմբերին։  

Մարտունի քաղաքի Կոմիտաս փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 71 մլն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը,  50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ծրագրի իրականացման արդյունքում  Կոմիտաս փողոցն ասֆալտապատել 600 մետր երկարությամբ  և 5312 քմ մակերեսով՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։ 

Կոմիտաս փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Կոմիտաս փողոցի երկկողմանի մայթերը սալիկապատվել են 674 գծամետր երկարությամբ և 1280 քմ մակերեսով։ Կոմիտասի փողոցում են գտնվում Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցն ու թիվ 1 մանկապարտեզը։

Մարտունու բազմաբնակարան 16 շենքի բակային տարածքների սալիկապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 մլն 877 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ծրագրի իրականացման արդյունքում  բազմաբնակարան 16 շենքի բակային տարածքներ տուֆ քարով սալիկապատվել են  շուրջ 10 հազար քմ մակերեսով։

Մարտունի համայնքի գույքի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 մլն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման  արդյունքում Մարտունի քաղաքի և համայնքի մյուս բնակավայրերի կարիքների համար ձեռք է  բերել վերհան ավտոմեքենա, շչակներ, դահլիճային նստարաններ և բեմի վարագույր։

Մարտունու բազմաբնակարան 5 շենքի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 84 մլն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը, 10 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակիչները։

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել են Պռոշյան-2, Երևանյան-36, 42, 43, 51 շենքերի տանիքները՝ շուրջ 6 հազար քմ մակերեսով։ Ծրագրի շահառու են հանդիսանում բազմաբնակարան 5 շենքի 178 բնակարանի 600 բնակիչ։

Մարտունի քաղաքի 7 փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 մլն 109 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է  ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում լուսավորության ցանց է կառուցվել  Մարտունի քաղաքի Պարույր Սևակ, Երիտասարդական, Գետափնյա-1, Շահումյան, Սայաթ-Նովա, Հրաչյա Ներսիսյան, Մխիթար Հերացի փողոցներում՝ 950 գծամետր երկարությամբ և ԼԵԴ համակարգով աշխատող 314 լուսատուի տեղադրմամբ։

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am