Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հին երգերը՝ հին բարեկամների համար. Միխայիլ Շուֆուտինսկին 75-ամյակը տոնեց Երևանում

Հին երգերը՝ հին բարեկամների համար. Միխայիլ Շուֆուտինսկին 75-ամյակը տոնեց 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկիի երգերը սիրում է և՛ հասուն սերունդը, և՛ երիտասարդությունը: Արտիստի ստեղծագործություններն անձնական են, միևնույն ժամանակ բոլորինն են, պատմում են սիրո, բաժանման, հին ու բարի ժամանակների, մարդկային ապրումների, երիտասարդության և ուսերին տարիների բեռ կրող մարդկանց մասին: 

Շուֆուտինսկիին Հայաստանին կապում են ոչ միայն նվիրված երկրպագուները, այլև հայ ընկերները, որոնց նախաձեռնությամբ արտիստը 75-ամյակի շրջանակում հյուրընկալվեց Երևանում և կատարեց իր հին երգերը: Ինչպես ինքն է ասում. «Հին երգերը՝ հին բարեկամների համար»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ մարտի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Միխայիլ Շուֆուտինսկիի երաժշտության ունկնդիրները երկար էին սպասել նրա հետ հանդիպմանը և անհամբերությամբ էին դահլիճից բարձրաձայնում այն երգերի վերնագրերը, որոնք ցանկանում էին լսել: Շուֆուտինսկին խոստովանեց՝ գերագույն հաճույք է 75 տարեկանում գալ Երևան, տեսնել հանդիսատեսի, որը ջերմ է, սիրում է իրեն ու հիշում անգամ ամենահին երգերը: 

«Երբ դեռ շատ երիտասարդ երաժիշտ էի, ինձ հրավիրեցին հայ երգչուհի Լոլա Խոմյանցի ջազային խումբ: Նա մեր երկրի լավագույն ջազ երգչուհիներից մեկն էր: Լոլայի հետ նվագելը, նրան նվագակցելը մեծ երջանկություն էր: Խոմյանցի հետ համերգներով պտտվեցինք ամբողջ երկրում: Նրա ամուսինը՝ Արտաշես Ավետյանը, որ Թեհրանից էր, հայկական անբացատրելի գեղեցիկ երգեր էր կատարում: Այդ ժամանակից շատ եմ սիրում հայկական երաժշտությունը, էլ չեմ խոսում այնպիսի դասականների մասին, որոնցից է Արամ Խաչատրյանը: Ես մեծ հաճույքով ու անկեղծ սիրով եմ  եկել Երևան, որտեղ վաղուց չէի  եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շուֆուտինսկին և հավելեց՝ տասը մատի պես գիտի Հանրապետության հրապարակը, որին կից հյուրանոցում հյուրընկալվել է տարիներ առաջ: 

OLD03874.JPG (427 KB)

Նա խոստովանեց՝ չի կարծել, որ իր համեստ ստեղծագործական գործունեությունը կարող է  բազմաթիվ մարդկանց գրավել, երգերը՝ դառնալ նրանց սեփականությունը: Արտիստը դա մեծ ձեռքբերում է համարում: «Պարզապես ապրելը, համեղ ուտեստներ վայելելը, լավ խմիչքներ խմելը, թանկ մեքենաներ վարելն ու լավ ֆիլմեր դիտելը դեռ ոչինչ չեն նշանակում: Պետք է անել մի բան, որ գա պահը, և ինքդ քեզ խոստովանես, որ  սա  այն է, ինչով կարող ես հպարտանալ»,-հավաստիացրեց երգիչը: 

Համերգային երեկոյին դահլիճը բուռն ծափահարում էր, «բրավո» էր վանկարկում ու ոգևորում Շուֆուտինսկիին, նրա երաժիշտներին ու պարողներին, սակայն «Սեպտեմբերի 3» երգը, որի երաժշտության հեղինակն Իգոր Կրուտոյն է, իսկ խոսքերի հեղինակն Իգոր Նիկոլաևը, կատարեցին բոլորը:  Այդ երգն այնքան մեծ հնչեղություն է ստացել Ռուսաստանում, որ սեպտեմբերի 3-ը հասարակությունն անվանել է Շուֆուտինսկիի օր: «Երգը ծնվել է 1993 թվականին: Սկզբում այն այնքան էլ հայտնի չէր, սակայն տասը տարի անց հիթ դարձավ, շատ սիրվեց ու մինչ օրս հնչում է: Երգի ստեղծման 30-ամյակի առթիվ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում համերգով ենք ներկայանալու»,-ասաց Շուֆուտինսկին: 

Նա չի կարող բացատրել երգի տարածման գաղտնիքը: Երգը կենսագրական չէ, պատմությունը  կապ չունի ոչ՛ երգչի, ո՛չ Կրուտոյի, ո՛չ Նիկոլաևի անձնական կյանքի հետ: Այն հորինված է: «Երկու Իգորներն ուղղակի լավ երգ են գրել»,-շեշտեց Շուֆուտինսկին և ընդգծեց՝ մեծ տարբերություն կա դեպրեսիվ ու այս երաժշտության միջև: Ըստ երգչի՝ «Սեպտեմբերի 3» երգում կա բաժանում, ցավ,  վիրավորվածություն, բայց այն դեպրեսիվ չէ, դրամատիկ է, սակայն խոստումնալից է ավարտվում ու չի  խլում հույսերը:

 Լրագրողներն արտիստի հետ զրուցելու հնարավորություն ունեցան Շառլ Ազնավուրի անվան հանդերձասրահում: Խոսելով մեծն շանսոնյեի մասին՝ Շուֆուտինսկին ասաց, որ նա մեծանուն և հանճարեղ մարդ էր: «Հրաշալի գիտեմ Ազնավուրի կենսագրությունը: Մի առիթով նրան հարցնում եմ, թե կյանքի վերաբերյալ ինչ ծրագրեր ունի: Ազնավուրն  էլ պատասխանում է, որ մեծ ծրագրեր ունի. պատրասվում է ապրել մինչև հարյուր տարի և երգել 900 տարի»,-հիշեց Շուֆուտինսկին: 

OLD03900.JPG (466 KB)

Նա փոքր ժամանակ երազել է երկու անիվով հեծանիվ ունենալ: «Մեր բակում առաջինը ես ունեցա այդ հեծանիվը: Այլ երազանքներ ևս եղել են: Երազել եմ, որ իմ որդիները, թոռնիկները երբեք չառնչվեն պատերազմի հետ: Երազում եմ ավելի երկար ապրել, որպեսզի հաճախ հանդիպեմ ձեզ: Մարդուն ինչ է պետք, որ պատերազմ չլինի, որ  մեր ծնողները, երեխաները, հարազատները առողջ լինեն ու երջանիկ»,-եզրափակեց Միխայիլ Շուֆուտինսկին: 

Արտիստը համերգային երեկոն ավարտեց «Մարջանջա» երգով: Բոլոր ներկաները պարում էին, ձայնակցում նրան: Շուֆուտինսկին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և խոստացավ վերադառնալ, եթե երկրպագուները ցանկանան:

 

Անժելա Համբարձումյան 

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am