Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ՀՀ-ում հարևան երկրների լեզուների ուսուցման որոշումը բավականին խելամիտ և ճիշտ քայլ է․ դեսպան Սոբհանի

ՀՀ-ում հարևան երկրների լեզուների ուսուցման որոշումը բավականին խելամիտ և 
ճիշտ քայլ է․ դեսպան Սոբհանի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Իրանի դեսպանատան և Հայաստանում իրանական մշակութային կենտրոնի աջակցությամբ՝ Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ պարսկերեն լեզվի դասարանի պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և իրանական մշակութային կենտրոնի ղեկավար Ասադի Մուվահեդը։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

«Արմենպրես»-ի հետ զրույցում թիվ 35 դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանը հիշեցրեց, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցներին ներկայացրեց տարածաշրջանային լեզուների ուսուցման հետ կապված առաջարկ, և տվյալ դպրոցն ընտրեց պարսկերենը։

«Դա շատ պատասխանատու ընտրություն էր, ունեցել ենք համապատասխան քննարկումներ աշակերտների ու ծնողների հետ։ Ընտրեցինք պարսկերենը՝ հաշվի առնելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու առկա կապերը։ Մեր երկու պետությունները տարածաշրջանում ներկայանում են որպես փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում համագործակցող երկրներ։ Նախորդ երկու տարիների ընթացքում բավականին ակտիվորեն աշխատել ենք ՀՀ-ում Իրանի դեսպանատան և մշակութային կենտրոնի հետ, նրանք մեզ բավականին օգնել են, տրամադրել են դասագրքեր։ Ունենք երկու հրաշալի մասնագետներ, ովքեր մեր վերապատրաստված կադրերն են և նվիրված են իրենց աշխատանքին ու կարողացել են երեխաների մեջ արթնացնել սեր պարսկերենի նկատմամբ»,- ասաց Եսայանը։

Նա տեղեկացրեց, որ նախորդ երկու տարիներին դպրոցում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ։ Կրթօջախում հյուրընկալվել են նաև նախկին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և իրանական մշակութային կենտրոնի նախկին ղեկավար Թավա Թաբային։ Նրանք հաղորդակցվել են աշակերտների հետ և գոհունակությամբ արձանագրել պարսկերեն լեզվի ուսուցման գործում գրանցված առաջընթացը։ Այս պահին դպրոցում հարևան երկրի լեզուն սովորում են շուրջ 300 աշակերտներ, որոնց թվաքանակը հետզհետե կավելանա, որովհետև 5-ից 9-րդ դասարաններում պարսկերենը լինելու է պարտադիր դասավանդվող առարկա։

«Երբ դեսպանատան ներկայացուցիչները վերջին անգամ հյուրընկալվել էին մեզ, կարիքները գնահատելիս ցանկացան կոսմետիկ աշխատանքներ կատարել և հագեցնել դասասենյակը նորագույն տեխնոլոգիաներով, էլեկտրոնային գրատախտակով։ Այդ ամենը ժամանակի հետ կատարվեց, որպեսզի դասերն ավելի արդյունավետ անցնեն։ Դասասենյակի բացումը փաստորեն շահավետ համագործակցության արդյունք է և մեծ ուրախություն է պարգևել պարսկերեն սովորող մեր սաներին։ Մեր երկու ուսուցիչներն ընտրել են դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք ավելի են հեշտացնում ուսումնառությունը։ Նրանք կրթական պրոցեսում ներառել են նաև տարատեսակ խաղեր, ձայնագրություններ, որոնց շնորհիվ պարսկերենը դարձել է ավելի հասանելի»,- ասաց Եսայանը։

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ուրախությամբ արձանագրեց այն իրողությունը, որ պարսկերենի ուսուցումը գնալով ընդլայնվում է հայաստանյան հանրակրթական դպրոցներում։

«Պարսկերենը դարձել է կարևոր գործոն երկու երկրների կապերն ամրապնդելու համար և այդ տեսանկյունից հանդիսանում է հանրային մեծ կապիտալ։ Մենք կպահպանենք այդ կապիտալը, կաջակցենք նաև պարսկերեն լեզվի դասավանդման հետագա զարգացմանը Հայաստանում։ Այն որոշումը, որ կայացրել է ՀՀ կառավարությունը տարածաշրջանային լեզուների ուսուցման վերաբերյալ, բավականին խելամիտ և ճիշտ քայլ է։ Պարսկերենի դասավանդման հետագա խթանումը կնպաստի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդելուն։ Պարսկերենը մշակույթի, սիրո, յոթհազարամյա քաղաքակրթության լեզու է, որի արմատները բավականին խորն են։ Ուրախ ենք, որ կարողացել ենք աջակցել այս դպրոցին ու մեր նպաստը բերել համապատասխան պայմանների ապահովման գործում։ Որքան մենք քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ, այնքան ավելի կնպաստենք մեր երկրների բարիդրացիական, սերտ հարաբերությունների խորացմանը»,- ասաց Սոբհանին։

Իրանական կողմը պատրաստ է քննարկել այն հարցերը, որոնք առնչվում են համագործակցության ընդլայնմանը, երկուստեք այցերի կազմակերպմանը, Երևանի և Թեհրանի հանրակրթական դպրոցների միջև անմիջական կապերի հաստատմանը։   

Արարողության պաշտոնական մասին դպրոցի դահլիճում հաջորդեց թատերականացված ներկայացումը, որի ժամանակ աշակերտները հայերեն և պարսկերեն լեզուներով ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» և պարսիկ մեծանուն հեղինակ Սաադիի առակներից մեկը։ Բեմականացված համարները մեծ ոգևորությամբ ընդունվեցին դեսպանի ու դիվանագիտական հաստատության ներկայացուցիչների կողմից։        

Մանվել Մարգարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am