Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլիի 300-ամյակը Երևանում նշվեց հեղինակին նվիրված ցուցահանդեսով

Թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլիի 300-ամյակը Երևանում նշվեց հեղինակին 
նվիրված ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմաստության աղբյուր Մահթումկուլի Ֆրագի» ցուցահանդեսին ծանոթանալով՝ արվեստասերները պատկերացում կկազմեն թուրքմեն պոետ, փիլիսոփա Մահթումկուլիի կյանքի և գործունեության մասին, կճանաչեն Թուրքմենստանի ավանդույթները, սովորույթները, կենցաղն ու նիստուկացը:

MXO_5567.jpg (477 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մահթումկուլիի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում:

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ընդգծեց՝ Մահթումկուլին իր ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է մարդուն, մարդասիրությանը: «Լինելով մեծ հումանիստ՝ նա արժևորել է մարդկային հարաբերությունները, ազգային արժեքները: Մեր օրերում շատ կարևոր է պահպանել այդ արժեքներն ու փոխանցել սերունդներին»,-ասաց Սաֆարյանը:

MXO_5483.jpg (681 KB)

ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովի խոսքով՝ հանճարեղ պոետը սերունդներին է թողել անմահ գրական  ժառանգություն, որը դարձել է  համաշխարհային գրականության կարևոր մասը, մարդկության անգին հարստությունը:

«Տարիների ընթացքում թուրքմեն ժողովրդի բազմաթիվ սերունդներ դաստիարակվել ու դաստիարակվում են Մահթումկուլիի ստեղծագործություններով: Կյանքն ապացուցել է նրա լուսավոր գաղափարների ճշմարտացիությունը, հեղինակի, որ երազում էր հզորագույն պետության մասին»,-ընդգծեց դեսպանը:

MXO_5472.jpg (669 KB)

Մուհամեդգելդի Այազովի հավաստիացմամբ՝ Թուրքմենստանի այսօրվա ղեկավարության շնորհիվ ստեղծվել է այն պետությունը, որի մասին երազում էր մեծ գրողը:

«Իր բանաստեղծություններով պոետը մարդկության բոլոր սերունդներին հորդորում էր միասնական, եղբայրական լինել, հարգել միմյանց ազգային ավանդույթները, սովորույթներն ու հոգևոր արժեքները, հորդորում էր լինել մարդասեր, հայրենասեր, ազնիվ և արդար»,-շեշտեց դեսպանը:

Թուրքմեն գրողի կենսագրությունն ու ստեղծագործությունները, ձեռագրերն ուսումնասիրում են ոչ միայն Թուրքմենստանում, այլև օտար երկրներում: Այդ են փաստում Մահթումկուլիի բանաստեղծությունների տարբեր լեզուներով թարգմանությունները, այդ թվում՝ հայերեն: Հեղինակի ստեղծագործություններն առաջին անգամ հայերեն են թարգմանվել 1959 թվականին, հետո՝ 1983-ին, իսկ ավելի ուշ՝ 2014 թվականին: Թարգմանությունների հեղինակը պոետ, թարգմանիչ Վարուժան Խաստուրն է:

MXO_5553.jpg (1.13 MB)

Դեսպանը խորհրդանշական համարեց այն, որ ցուցադրությունը բացվում է «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում, քանի որ Սարյանը 20-րդ դարի հայ հանճարեղ նկարիչներից է, որը 1934 թվականին այցելել է Թուրքմենստան: Սարյանն այնտեղ նկարների մի ամբողջ շարք է ստեղծել, որոնցում զգացվում է նկարչի սերն արևելքի նկատմամբ:

Այազովի խոսքով՝ Սարյանի ստեղծած պաննոն, որը նա թուրքմեն ժողովրդին է  նվիրել, իր արժանի տեղն է զբաղեցնում Աշխաբադի պատկերասրահում:

MXO_5551.jpg (552 KB)

Ցուցահանդեսին ներկա էր նաև Վարուժան Խաստուրը, որն ընթերցեց Մահթումկուլիի ստեղծագործություններից մեկը՝ նշելով, որ նրա բանաստեղծություններն իրեն շատ հարազատ են, քանի որ դրանցում զգացել է Սայաթ-Նովայի բույրն ու շունչը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am