Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ձեռագործ արվեստի ու արհեստի աշխատանքների ցուցահանդեսով մեկնարկեց Իրանի Համադան նահանգի մշակութային շաբաթը Երևանում

Ձեռագործ արվեստի ու արհեստի աշխատանքների ցուցահանդեսով մեկնարկեց 
Իրանի Համադան նահանգի մշակութային շաբաթը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Համադան նահանգի ձեռագործ արվեստի ու արհեստի աշխատանքների ցուցահանդեսով, ավանդական երաժշտական կատարումներով Երևանի Կապույտ մզկիթում մեկնարկեց Համադան նահանգի մշակութային շաբաթը Հայաստանում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մշակութային շաբաթի շրջանակներում իրանական ավանդական մշակույթին, սովորույթներին ու ծեսերին հայաստանյան հանրությանը ծանոթացնելու նպատակով Համադանի արվեստագետների խումբը Հայաստանում կայանալիք շրջագայության ծրագրի շրջանակներում, Երևանի մշակութային կենտրոններում, ինչպես նաև դպրոցներում հանդես կգա մի շարք միջոցառումներով: 

«Այս միջոցառումների շարքը հայ հանրությանը կներկայացնի Համադան նահանգի մշակութային կարողությունները, ինչը  կնպաստի երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև հայ և իրանցի արվեստագետների միջև մշակութային հարաբերությունների ընդլայնմանը»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Ասադի Մովահեդը: 

OLD02160.jpg (433 KB)

Նա ընդգծեց՝ Հայաստանում մեծ սեր են տածում արվեստի հանդեպ, ինչը համընդհանուր երևույթ է և կարող է հանգեցնել երկու ժողովուրդների մերձեցմանը: 

«Համադան նահանգի և Հայաստանի միջև գոյություն ունեն մշակութային ընդհանրություններ, մասնավորապես ձեռագործ արվեստի և արհեստի ոլորտում:  Կցանկանամ առանձնացնել 3 ճյուղեր՝ կողովագործություն, գորգագործություն, խեցեգործություն. նմանատիպ նմուշներ ցուցադրությանը շատ կտեսնեք»,- մանրամասնեց  կենտրոնի ղեկավարը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտեց՝ այս միջոցառումը Հայաստանի և Իրանի միջև երկխոսության մաս է կազմում: 

OLD02135.jpg (512 KB)

«Մենք մշակութային երկխոսություն ենք սկսել մեր հարևան Իրանի հետ: Առաջիկայում մեկնելու եմ Իրան, որտեղ մի քանի հանդիպումներ կունենամ պաշտոնյաների հետ՝ ապագա համագործակցության եզրեր փնտրելու համար: Այս միջոցառումն այդ երկխոսության մեջ կարևոր դեր ունի: Հայ-իրանական հարաբերությունները դարերի խորքից եկող հարաբերութուններ են: Ես կարծում եմ, որ մշակույթը ցանկացած հարաբերություններում առաջնային դեր կարող է ունենալ»,- եզրափակեց փոխնախարարը: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Ցուցադրությունը բաց է լինելու 10 օր:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am