Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին՝ հետագա զարգացման համար, պատրաստ ենք տրամադրել․ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին՝ հետագա 
զարգացման համար, պատրաստ ենք տրամադրել․ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը եղել է ամենաանվտանգը և երաշխիք է հանդիսացել երկուստեք ընդլայնվող կապերի ու շփումների, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկեցության ու բարօրության համար, ուստի Թեհրանն իր քայլերով ցույց է տվել, որ կտրականապես չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը փորձագետների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանն այսօր վարում է ամենաանկախ ներքին ու արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանում ոչ մի հավասարում չի կարող լուծվել առանց նրա։ Մեր երկիրը տարածաշրջանի ճգնաժամերի ու հիմնախնդիրների լուծման մաս է կազմում։ Չնայած վերջին 45 տարիներին Իրանի դեմ գործադրված ճնշումներին ու դավադրություններին՝ մեր երկիրն ունեցել է զգալի ձեռքբերումներ և, ի հեճուկս մեր դեմ կիրառված պատժամիջոցների, գրանցել է ակնառու առաջընթաց բոլոր ոլորտներում»,- ասաց Սոբհանին։

Դեսպանի բնորոշմամբ՝ Իրանը տարածաշրջանի երկրների հետ վարում է հավասարակշռված քաղաքականություն, որում հատկապես հարևան պետություններն ունեն առանձնահատուկ տեղ։ Մասնավորապես Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հաստատման օրվանից մինչ այժմ զարգացել են հետևողականորեն։ Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների փոխգործակցության ասպարեզում արձանագրված ձեռքբերումներն ունեցել են զարգացման հուսալի միտումներ։ Պատմական և քաղաքակրթական հիմքերը, բարիդրացիական համակեցությունը, մարդկային շփումներն ու հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ երկու երկրների պաշտոնյաների կամքն ու ցանկությունը եղել են ամուր հենք՝ խթանելով հետագա առաջընթացը։

«Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի ու ապրանքաշրջանառության ծավալներն արձանագրել են կայուն առաջընթաց՝ ամրապնդելով փոխգործակցությունը հատկապես տնտեսության ու ենթակառուցվածքների ոլորտում։ Իրանի ու Հայաստանի ժողովուրդները մշտապես թե՛ ուրախության, թե՛ տխրության օրերին եղել են կողք կողքի։ Իրանն այսօր էլ աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և նախկինի պես պատրաստ է իր ողջ կարողությունները ծառայեցնել փոխգործակցության զարգացմանը»,- ասաց դեսպանը։

Սոբհանին շեշտեց, որ պաշտոնական Թեհրանն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի բովանդակությունը, այն է՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, հիմնված է երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ըստ դեսպանի՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն առավել քան տրամաբանական է ու միջազգային նորմերին համահունչ։

Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Սոբհանին հիշեցրեց, որ այն նախատեսված է նախևառաջ տարածաշրջանի երկրների միջև առկա հիմնախնդիրները սեփական կարողություններով լուծելու համար և եթե ձևաչափն արձանագրի շոշափելի ձեռքբերումներ, ապա բոլոր երկրներն էլ շահագրգիռ կլինեն ներգրավվածության ու նիստերին մասնակցելու հարցում։

«Եթե մեր տարածաշրջանում գրանցվում են սրացումներ, տեղի են ունենում կոնֆլիկտներ, ապա դրանք բացասաբար են անդրադառնում նախևառաջ տարածաշրջանի բոլոր երկրների վրա, հետևաբար նրանք համատեղ ջանքերով պետք է դառնան հիմնախնդիրների լուծման երաշխավոր։  Անհրաժեշտ է առաջնորդվել անկեղծ մղումներով ու հետևողական լինել իրական խաղաղություն և կայուն անվտանգություն հաստատելու գործում»,- պարզաբանեց դիվանագետը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» հարցին, դեսպանն ընդգծեց, որ աշխարհում կա ընդունված մոտեցում, որի համաձայն՝ միջանցքն ընկալվում է որպես կոմունիկացիոն կապի հնարավորություն, սակայն մեր տարածաշրջանում դա ընկալվում է բոլորովին այլ կերպ, ուստի Իրանն իր քայլերով հստակ ցույց է տվել, որ չի հանդուրժի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն այս տարածաշրջանում։   

«Մենք ողջունում ենք բոլոր ճանապարհների ու հաղորդակցությունների ապաշրջափակումը, եթե այն տեղի ունենա երկրների շահերի հիման վրա և նրանց ինքնիշխանության ներքո։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հզորացմանն ու ուժեղացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը, ուստի այդ ամենին մեր տարածաշրջանում կնպաստի միայն ուժերի հավասարակշռությունը։ Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին հետագա զարգացման համար, պատրաստ ենք տրամադրել»,- հավաստիացրեց Սոբհանին։

Նրա դիտարկմամբ՝ Իրանի համար Հայաստանը լավագույն ճանապարհն է դեպի հյուսիս՝ Սև ծով դուրս գալու համար, իսկ մեր երկիրը Հայաստանի համար լավագույն ճանապարհն է դեպի հարավ՝ Պարսից ծոց, Չաբահար նավահանգիստ դուրս գալու համար։ Տնտեսության առանցքային խնդիրը փոխադրումների ապահովումն է և ենթակառուցվածքների հուսալի շահագործումը։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու և առևտրի ծավալները մեծացնելու համար կարևորագույն գործոն է հանդիսանում։ Որպեսզի Հայաստանով անցնող երթուղին լինի ավելի շահեկան ու գրավիչ, անհրաժեշտ է դյուրացնել օրենքները, նվազեցնել ճանապարհային սակագները, բարեկարգել առկա ենթակառուցվածքները։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am