Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շառլ Ազնավուրի ճակատագրում ինչ-որ չափով ամփոփված է հայ ժողովրդի ճակատագիրը. Հայկ Պետրոսյան

Շառլ Ազնավուրի ճակատագրում ինչ-որ չափով ամփոփված է հայ ժողովրդի 
ճակատագիրը. Հայկ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը 2024-ի մայիսի 22-ին տոնում է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը, ինչը մեծ ոգևորություն է նրա արվեստի երկրպագուների համար: 2024-ին լրանում է նաև տասը տարին, ինչ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը կատարում է Ազնավուրի երգերը՝ նպաստելով դրանց տարածմանն ավելի կրտսեր սերնդի շրջանում: Հայկ Պետրոսյանն այն երջանիկներից է, որ հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպել Ազնավուրին, զրուցել նրա հետ և արտիստի համերգներից երկուսի ժամանակ «փախցնել» Ազնավուրի թաշկինակը: 

Շանսոնյեի տարեդարձի առթիվ Պետրոսյանը վերհիշել է Ազնավուրի հետ կապված հետաքրքիր դրվագներն ու պատմել «Արմենպրես»-ի թղթակցին:

«2017 թվականին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ազնավուրին նվիրված համերգ կազմակերպվեց, որին որպես հանդիսատես ներկա էր շանսոնյեն: Համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Դասական և էստրադային երգիչները զուգերգերով էին ներկայանում ու կատարում Ազնավուրի երգերը: Ես և՛ վարում էի համերգը, և՛ երգում:  Մինչ համերգը մեկնել էինք Փարիզ, հատուկ նկարահանումներ էինք իրականացրել. բոլորս շատ խանդավառված էինք և երկու շաբաթում երեք ամսվա աշխատանք կատարեցինք: Վերջապես 2017-ի հունիսի 1-ին տեղի ունեցավ երկար սպասված համերգը»,-պատմում է Պետրոսյանը:

8D1A0038.JPG (371 KB)

Ազնավուրի ներկայությունը համերգի մասնակիցների համար շատ կարևոր է եղել: Հայկը խոստովանում է՝ ասես օդերի մեջ են եղել: Համերգից հետո նա շատ կարճ ժամանակով հանդիպել է շանսոնյեի հետ, երկու խոսք փոխանակել, գովեստի խոսքեր լսել:

Ավելի վաղ հանդիպումներ ևս եղել են: 2001 թվականին Հայկ Պետրոսյանը Փարիզում է սովորել: Շանզելիզե փողոցի հայտնի համերգասրահներից մեկում ելույթ է ունեցել նրա հայրը՝ սիրված արտիստ Վարդան Պետրոսյանը՝ խաղալով «Between two mountains» ներկայացումը, որը Հայաստանում ևս խաղացել է՝ «Կրակի մեջ» վերնագրով: Ազնավուրը ներկա է եղել ներկայացմանը: «Նստած էին Ազնավուրը, Հայաստանի այն ժամանակվա դեսպանը Ֆրանսիայում, հորաքույրս և ես: Այդ ժամանակ պարզապես տեսել եմ նրան ու ձեռքն եմ սեղմել»,-հիշում է Հայկը:

22277987_1358498964248758_5635683909162237952_n.jpg (81 KB)

Հայկ Պետրոսյանն առաջին անգամ բեմում Ազնավուրին տեսել է շանսոնյեի 80-ամյակին նվիրված համերգին: «Ես երբեք նման արտիստի չէի հանդիպել: Լինելով փոքրամարմին մարդ, բայց հզորագույն կերպար՝ նա մի շարժումով կառավարում էր չորս հազար հանդիսատեսի: Նրա ամեն ժեստը հետաքրքիր էր: Տպավորված էի: «Լա բոհեմ» երգը, որն Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից է և տասնամյակներ անց չի կորցրել իր թարմությունն ու խորությունը, Ազնավուրը յուրահատուկ է կատարում: Երգի հերոսը նկարիչ է: «Լա բոհեմ»-ը երգելիս՝ Ազնավուրը ձեռքում վրձին է պահում, հետո այն մաքրում է թաշկինակով ու տխուր ասում, որ բոհեմն արդեն ոչինչ չի նշանակում և հիասթափված նետում է թաշկինակը: Հիսուն տարի շարունակ հանդիսատեսը սպասում է այդ պահին ու վերցնում թաշկինակը՝ որպես հուշ: Առաջին անգամ հայրս էր ինձ տարել Ազնավուրի համերգին: Նրան հարցրի գնա՞մ թաշկինակի հետևից, պատասխանեց՝ գնա: Մոտեցա բեմին և լուրջ պայքար ընթացավ, սակայն ես բռնեցի թաշկինակը, ուզում էին այն խլել, թույլ չտվեցի, և, ինչպես Մեսին է գոլ խփելուց հետո թաշկինակը թափահարում, այդպես էլ ես վերադարձա: Հազար հոգանոց օթյակը բուռն դիմավորեց ինձ»,-պատմում է Հայկը:

8D1A9934.JPG (426 KB)

Նա մասնակցել է նաև Ազնավուրի 90-ամյակին նվիրված համերգին, որը կազմակերպվել է Երևանում: Հայկն ու մեկ այլ տղա են պայքարել թաշկինակի համար, և այն կրկին մնացել է Հայկ Պետրոսյանին: «Մի կողմից ես բռնեցի թաշկինակը, մի կողմից էլ նա: Տղան զիջեց: Որոշ ժամանակ անց, երբ իմ առաջին համերգն էի կազմակերպել Երևանի տիկնիկային թատրոնում, այդ տղային գտա, հրավիրեցի համերգին ու թաշկինակը նվիրեցի նրան՝ ասելով, որ ես 80-ամյակի թաշկինակն ունեմ»,-խոստովանում է երգիչը:

Կյանքի տարբեր փուլերում Հայկ Պետրոսյանն Ազնավուրի տարբեր երգեր է լսել,  բոլորն էլ յուրահատուկ է համարում: Սիրում է Ազնավուրի երիտասարդ շրջանի ջազային գործերը, որ թարմացրել ու կատարում  է տարբեր երաժիշտների հետ: Այս շրջանում շատ է լսում «Դեռ երեկ» երգը: Հումորով նշում է՝ գուցե տարիքի հետ է կապված:

8D1A0008.JPG (468 KB)

«Ազնավուրից շատ եմ սովորել: Նրա արվեստը, երգարվեստը, խոսքը, կենսագրությունն ուսումնասիրելով՝ մինչ օրս սովորում եմ: Նա մեծ ուսուցիչ է, իր օրինակով ցույց է տալիս՝ ինչպես համառել, ինչպես չհանձնվել, ինչպես դժվարությունների առջև չընկրկել, ինչպես հուսախաբվելուց հետո կառչելով սիրուց՝ ոտքի կանգնել: Այս ամենն արտացոլվում է թե՛ նրա կյանքում, թե՛ երգերում: Նա մեծ հայ է, մեծ ֆրանսահայ. չէ՞ որ նրա ճակատագրում ինչ-որ չափով ամփոփված է հայ ժողովրդի ճակատագիրը: Նրա ծնողները գաղթականներ էին, որոնք 1915 թվականի Ցեղասպանության հետևանքով հասան Ֆրանսիա, մի կերպ ոտքի կանգնեցին, իրենց զավակներին մեծացրին: Մի խոսքով՝ այդտեղ ուրվագծվում է հայ մարդու ճակատագիրը, որն իր համառ բնավորությամբ կարողացավ կերտել այն, ինչ անհնարին էր թվում: Այդ օրինակով Ազնավուրը շատ ավելի մեծ նշանակություն է ստանում իմ կյանքում և հայերիս կյանքում այսօր, որովհետև մենք խորքային խնդիրների առաջ ենք կանգնած։ Եթե կարողանանք օրինակ վերցնել Ազնավուրից և դրսևորել այն կամային հատկությունները, որ նա դրսևորեց, կարծում եմ՝ թե՛ որպես անհատներ, թե՛ որպես ազգ, ավելիին կհասնենք»,-համոզված է Հայկ Պետրոսյանը:

8D1A9975.JPG (484 KB)

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am