Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը
1 րոպեի ընթերցում
![Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137660.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) իշխող Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, հանրային անվտանգության նախարար բանակի գեներալ Թո Լամին ընտրել է երկրի նոր նախագահ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից
Խորհրդարանի վերահսկիչ հանձնաժողովի տվյալներով՝ 66-ամյա Թո Լամին պետության ղեկավար ընտրելու մասին բանաձևին հավանություն են տվել Ազգային ժողովի՝ նիստին ներկա 473 պատգամավորներից 472-ը։ Վիետնամի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն իշխանության բարձրագույն մարմինն է՝ օժտված երկրի ղեկավարությանը նշանակելու և պաշտոնաթող անելու լիազորություններով:
Թո Լամը հավատարմության երդում է տվել երկրին, նրա ժողովրդին և Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցությանը: Պետության ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։
66-ամյա Տո Լամը դարձել է ժամանակակից Վիետնամի պատմության 13-րդ նախագահը։ Պետության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է 53-ամյա Վո Վան Թիոնգին: