ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի հետ բանակցությունների համար հնչեցված պայմանները խաղաղ նախաձեռնություն են, այլ ոչ թե վերջնագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությունը հունիսի 14-ին արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սխալ է ընկալել Պուտինի խոսքերը։
«Դա հենց խաղաղ նախաձեռնություն է», - «Իզվեստիա»- ին ասել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջնորդի նախաձեռնությունը հաշվի է առնում ստեղծված իրավիճակը, ուստի հիմա Կիևին պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները կարող են փոխվել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինի այդ առաջարկներն անվանել է վերջնագիր և նշել, որ այդ հայտարարությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվում: