Միջազգային

Պաղեստինյան իշխանությունները ողջունել են Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը

2 րոպեի ընթերցում

Պաղեստինյան իշխանությունները ողջունել են Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ազգային վարչակազմի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը ողջունել է Նորվեգիայի, Իսպանիայի և Իռլանդիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է WAFA գործակալությունը։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այս կարևոր քայլով այս երկրները «ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց հաստատակամ հանձնառությունը երկու պետությունների ստեղծման ճանապարհով խնդրի լուծմանը և Պաղեստինի ժողովրդի համար երկար սպասված արդարության հասնելուն»։

Ըստ գերատեսչության՝ Պաղեստինի ճանաչման որոշումները համահունչ են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բոլոր համապատասխան բանաձևերին, ինչն իր հերթին «դրականորեն կնպաստի բոլոր միջազգային ջանքերին, որոնք ուղղված են Իսրայելի անօրինական օկուպացիային վերջ տալուն և տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելուն»:

Նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստին պետությունը, քայլեր անել այդ ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։

1988 թվականից ի վեր Պաղեստինը որպես պետություն ճանաչել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում