«Երևանյան բեսթսելեր». «Ընտանեկան իմաստնության դասեր վանականից» գիրքն ՝ առաջատար. փաստավավերագրական, դեկտեմբեր, 2023
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ դեկտեմբերի վաճառքների։
Ռոբին Շարմայի «Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր Ֆերարին» գիրքն առաջին տեղում է։ Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան:
Դավիթ Մեջլումյանի «Գրողի տարած Մոտիվացիան» երկրորդ տեղում է։ Մեզ անընդհատ գցել են նույն թակարդը` խոստանալով մոտիվացնել գրքով, թրեյնինգով կամ ֆիլմով, իսկ իրականում ոչինչ էլ չեն տվել, որովհետև անհնար է մոտիվացնել որևէ մեկին գրքով կամ թրեյնինգով։ Զուտ հերթական անգամ մեր հաշվին գումար են աշխատել, իսկ մենք գնացել ենք հեշտ պատասխանների հետևից, և արդյունքում կարթը մնացել է հենց մեր կոկորդը։ Կամքի ուժը հիմնազուրկ մի՞ֆ է, իսկ հասարակության վրա թքած ունենալը՝ մոտիվացիայի կորստի գլխավոր պատճառների՞ց։ Հիմա բոլոր այս և այլ կարևոր հարցերի պատասխանները գտնվում են ձեր ձեռքերում, և կարդալով գիրքը՝ միանշանակ կհասկանաք, թե որտեղ էր կորել «Գրողի տարած Մոտիվացիան»:
Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը չորրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Ջորդան Բ․ Փիթերսոնի «Կյանքի 12 կանոն» գիրքը հինգերորդ տեղում է։ Ամբողջ աշխարհում այս պահին վաճառվել է այս գրքի 5 միլիոն օրինակ։ Ըստ Նյու Յորք Թայմսի՝ հեղինակն արևմտյան աշխարհի ամենաազդեցիկ մտածողն այս պահին։
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» վեցերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Յոթերորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Ութերորդ տեղում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» իններորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Ջոն Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» տասներորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Նոր |
Ռոբին Շարմա «Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» |
Բուկինիստ | 218 | |
2 | Նոր |
Դավիթ Մեջլումյան «Գրողի տարած Մոտիվացիան» |
հեղ հրատ | 169 | |
3 | +1 |
Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» |
Դավինչի | 164 | |
4 | +1 |
Ջեյմս Քլիըր «Ատոմային սովորություններ» |
Էդիթ Պրինտ | 138 | |
5 | * |
Ջորդան Բ․ Փիթերսոն «Կյանքի 12 կանոն» |
հեղ․հրատ | 122 | |
6 | -3 |
Ռոբին Շարմա «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» |
Բուկինիստ | 99 | |
7 | * |
Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» |
Վերնատուն | 99 | |
8 | * |
Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» |
Newmag | 92 | |
9 | -4 |
Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» |
Դավինչի | 69 | |
10 | -1 |
Ջոն Ստրելեք «Կյանքի հինգ մեծ նպատակները» |
Դավինչի | 65 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում