Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023-ին աճել է 9.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023-ին աճել է 9.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը: Ընդ որում՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 9.5, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 19.8 տոկոս:  

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվար-դեկտեմբերին 4.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 783 214.8 մլն դրամ: Դեկտեմբերին այն 20 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 11.6 տոկոսով:

2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0.3 տոկոսով՝ կազմելով 948 040.1 մլն դրամ:

Շինարարության ծավալը նախորդ տարվա 12 ամիսներին 14.8 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը՝ կազմելով 619 մլրդ 686 մլն դրամ: Դեկտեմբերին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 11.5, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 70.1 տոկոս:

Ներքին առևտրի շրջանառությունը 2023-ին 25.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից՝ կազմելով 5 492 384.2 մլն դրամ: Դեկտեմբերին այն 35.9 տոկոսով գերազանցել է 2022-ի նույն ամսվա ցուցանիշը, իսկ 2023-ի նոյեմբերի ցուցանիշը գերազանցվել է 25.7 տոկոսով:

2023-ին մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) 10.3 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 3 025 912.2 մլն դրամ: 2022-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 3.4, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 10 տոկոս:

Սպառողական գների ինդեքսը մեկ տարում աճել է 2 տոկոսով: Դեկտեմբերին այն 0.6 տոկոսով ցածր է եղել 2022-ի նույն ամսվա ցուցանիշից, սակայն 0.9 տոկոսով բարձր էր, քան նոյեմբերին:

2023-ին արդյունաբերական արտադրանքի գները 1.5 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից:

2023-ին Հայաստանում արտադրվել է 8 845.1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը 12 տոկոսով գերազանցել է նոյեմբերի ցուցանիշը: Նշվում է, որ 2023-ին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները, որոնք համադրելի չեն նախորդ տարվա նույնանուն ցուցանիշների հետ: Ըստ այդմ, 1 տարվա կտրվածքով համեմատություն չի ներկայացվել:

Միջին ամսական անվանական աշխատավարձը  2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 14.6 տոկոսով: Դեկտեմբերին անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 7.8, իսկ այս տարվա նոյեմբերինը՝ 21.6 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am