Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը

Բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին ներկայացվել 
է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելը:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը բուհական և գիտական համայնքների ակտիվ մասնակցությունը՝ նրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում դրանք հաշվի առնելու նպատակով:

«Ակադեմիական քաղաքը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Այսօր արդեն Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման փուլում ենք և զուգահեռաբար փորձում ենք դրան համադրել բովանդակային  աշխատանքների շղթան»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների պլանավորումն ու դրան զուգահեռ՝ փոփոխություններին պատրաստ լինելու ճկունությունը. «Նման մեծ ծրագրեր սկսելիս բոլորս բազմաթիվ հարցեր ենք ունենում, ինչը բնական է: Դրանք ցույց են տալիս պատասխաններ գտնելու ճանապարհները և օգնում, որ ավելի հստակ պատկերացնենք այն վերջնարդյունքը, որին ձգտում ենք: Ոլորտում փոփոխությունների կարիքն այսօր հրամայական է. դրանք պետք է իրականացնենք գիտակցված և համատեղ ուժերով: Աշխատանքը մեզնից պահանջելու է համբերատարություն, բայց արդյունքը, որը ստանալու ենք, լինելու է ավելին, քան ներդրվող ջանքերն են»: 

Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումն իրականացվում է գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որը ոլորտում հեղինակավոր և փորձառու կազմակերպություն է: 

Նշվում է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հավելել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրին նվիրված բովանդակային քննարկումները շարունակական են լինելու: Ծրագրի շահառուների ընդլայնված շրջանակի հետ առաջին հանդիպումը հատկանշական է նրանով, որ վերաբերում է հենց գլխավոր հատակագծի նախագծի քննարկմանը, ինչը կօգնի ներկաներին ավելի լավ պատկերացում կազմել կառուցվելիք քաղաքի մասին և ավելի առարկայական հարցեր առաջադրել։ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ նախագծի ճարտարապետական բաղադրիչին զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև հողային իրավունքի հետ կապված հարցերի կարգավորման, Ակադեմիական քաղաքի գործընկեր հանդիսացող միջազգային առաջատար բուհերի և կազմակերպությունների հետ հուշագրերի կնքման, բովանդակության մշակման, կառավարչական մոդելի մշակման և բուհերի խոշորացման հայեցակարգի ուղղությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հաջորդիվ «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելը ներկաներին ներկայացրել է գլխավոր հատակագծի մանրամասները՝ անդրադարձ կատարելով տեղադիրքի ընտրության նպատակահարմարությանը, շահառուների կարիքները վերհանելուն ուղղված հանդիպումների արդյունքներին, հայաստանյան պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցին և գերմանական համանման ծրագրերին ծանոթացմանը։

«Ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ոչ միայն իր ճարտարապետական բաղադրիչով, այլև էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա»,- նշել է Թոբիաս Քայելը՝ հավելելով, որ Գերմանիայի բուհերն ու գիտահետազոտական կազմակերպություններն արդեն իսկ անցել են նմանատիպ գործընթացի միջով՝ քաղաքներում ընդլայնվելու անհնարինության պատճառով լավագույն ինստիտուտները տեղափոխելով արվարձաններ։

Այնուհետև նա մանրամասնել է նախագծահաշվարկային աշխատանքները՝ ներկայացնելով տեղադիրքի և դրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները, կառուցվելիք հիմնական մասնաշենքի, կլաստերների, մարզադաշտի, համերգասրահի, կանաչ և հանգստյան գոտիների, բնակելի հատվածի տեղակայման հարմարավետությունը։

Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում Թոբիաս Քայելը նշել է քաղաքի բնակիչների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։

Անդրադառնալով ծրագրի շարունակականությանը՝ նա հավելել է, որ ընկերության նպատակներից է «Ակադեմիական քաղաք» նախագիծն օրինակելի դարձնել ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային մակարդակով։

Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն են ունեցել հղելու իրենց հուզող հարցերը և ստանալու պարզաբանումներ։ Հարցերը վերաբերել են որոշ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների գործունեությանը, տարաբովանդակ կլաստերների և սպորտային ու մշակութային համալիրների մեկտեղմանը, տեղադիրքի ընտրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատմանը, ծրագրի իրականացման արժեքին, ժամկետներին, բնակիչ-շահառուների նախատեսվող թվին և այլ խնդիրների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am