Համայնքները՝ հանուն տեխնոլոգիական կրթության. Հայաստանի տարբեր համայնքներ «Արմաթ» տեխնոլոգիական աշխատանոցներով կզինվեն
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնոլոգիական կրթությունը «Արմաթ» տեխնոլոգիական աշխատանոցներով հասնում է Հայաստանի 8 համայնք՝ Երանոս, Արտիմետ, Նոր Խարբերդ, Ապագա, Քարակերտ, Խորոնք, Զոլաքար, Աբովյան:
Համայնքներն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդատվական աջակցությամբ կբացեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

«Մենք նաև մշակույթ ենք ձևավորում, որ «Արմաթ»-ներ բացելու գործը համայնքներն իրենց ձեռքն են վերցնում ամբողջությամբ։ ԱՏՁՄ-ն փորձարկում է աշխատանոցներ բացելու նոր մեխանիզմ, որը դեռևս հաջողությամբ ընթանում է: Այն համայնքները, որ ունեն համապատասխան թիմ, ուզում են իրենց երեխաների համար «Արմաթ» ունենալ, պատրաստ են ժամանակ ու ռեսուրս ներդնել, որպեսզի միջոցներ ներգրավեն ու ընդհանուր գումար ապահովեն՝ ստեղծելու «Արմաթ» լաբորատորիաներ, մենք աջակից ենք լինում նրանց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթական ծրագրերի համակարգող Մայա Շահումյանը:

Նրա խոսքով՝ համայնքներում մարդիկ պետք է հասկանան, որ «Արմաթ»-ը բոլորի համար է: Օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքներում «Արմաթ»-ում հնարավոր է սարքեր, տեխնիկա ստեղծել, որը կօգնի համայնքին այս կամ այն գործում: Համայնքներում «Արմաթ»-ը ստեղծելու գաղափարն այս պարագայում հանրօգուտ է:
«Սա համայնքում եղած մարդկային ներուժը, բովանդակություն ստեղծելու ներուժը, նախաձեռնողականությունը, իրենց սեփականությանը տեր կանգնելու, հաղորդակցման հմտությունները զարգացնելու հնարավորություն է տալիս: Եթե համայնքը հաջողի իր սեփական միջոցներով «Արմաթ» բացել, ապա ապագայում կարող է նաև ուրիշ խնդիրներ էլ լուծել, այսինքն՝ մենք ոչ միայն օգնում ենք աշխատանոց բացել, այլև համայնքներն ապագայում իրենց անհրաժեշտ հմտություններ են ձեռք բերում։ Նույնիսկ համայնքներից հուզիչ շնորհակալական նամակներ են մեզ ուղարկում, որն էլ ավելի է ոգևորում, որ շարունակենք մեր սկսած գործը»,-նշեց Շահումյանը:

Շահումյանը տեղեկացրեց՝ տարբեր համայնքներ տարբեր ռազմավարությամբ են առաջ գնում: Որոշ տեղերում մեծ դոնորների են դիմում, ուրիշներն էլ՝ երեխաների ծնողներին, տեղի բիզնեսներին, կրթական, մշակութային կենտրոններին, համայնքապետարանին և այլ կառույցներին են դիմում: Նույնիսկ աշակերտներն են տեսանյութեր նկարահանում իրենց ուժերով ու պատմում, թե ինչ երազանքներ կիրականացնեն, եթե «Արմաթ» ունենան։
«Այս պահին ունենք ակտիվ դրամահավաք իրականացնող 8 թիմ, որոնք, ընդհանուր առմամբ, գումարի մոտ 50 տոկոսը հավաքել են: Երեք համայնք արդեն հավաքել է ամբողջ գումարը, իսկ մնացածը՝ գումարի տարբեր տոկոսներ»,- եզրափակեց Շահումյանը:
Քարակերտ համայնքի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը տեղեկացրեց՝ 4500 բնակիչ ունեցող համայնքի 600 դպրոցահասակ երեխաների շրջանում տեխնոլոգիական կրթության հանդեպ հետաքրքրությունը մեծ է, հենց դրա համար ամեն բան անում են «Արմաթ»-ի ծրագիրը կյանքի կոչելու համար:
«Շատ ոգևորված ենք նախաձեռնությամբ: Լաբորատորիան տեխնիկապես զարգանալու խթան կլինի: Նախկինում մեզ մոտ ռոբոտաշինության դասընթաց էր կազմակերպվել, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ, վստահ ենք, որ «Արմաթ»-ը ևս նույն հետաքրքրությունը կապահովի»,- ասաց նա:
Քարակերտի թիմի համակարգող Աննա Ավագյանն էլ համայնքում «Արմաթ» ունենալու մի շարք առավելություններ է տեսնում. «Մեր նպատակն է համայնքում ունենալ այնպիսի միջավայր, որը կկարողանա թեթևացնել մեր հոգսերը: Ունենք դաշտային աշխատանքների թեժ սեզոն, որտեղ տեխնոլոգիաների բացակայության պատճառով շատ խնդիրներ ենք ունենում: «Արմաթ»-ը հնարավորություն կտա համայնքում տեխնոլոգիական միջավայր ստեղծել: Դրանից զատ, աշակերտների մոտ մասնագիտական կողմնորոշում կձևավորվի»,- նշեց նա:

Նրա համոզմամբ բոլոր համայնքներում էլ տեխնոլոգիական կրթության պահանջարկը մեծ է:
Այսօր Հայաստանում և Հայաստանից դուրս գործում է 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, որն ունի ավելի քան 17 հազար աշակերտ: «Արմաթ»-ը զարգացնում է ինքնավստահությունը, քննադատական մտածողությունը, ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը, թիմային աշխատանքի կարողությունը, ձեռներեցության հմտությունները: «Արմաթ»-ի կրթական ծրագրի շրջանակում աշակերտները կարող են սովորել համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, աշխատանքներ CNC լազերային և շաղափային հաստոցներով, պրոֆեսիոնալ ծրագրավորման լեզուներ: Համայնքի պատանիներին տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելու համար ներդրում կատարելու նպատակով անհրաժեշտ է այցելել ռեԱրմենիա հարթակ, գտնել համապատասխան համայնքը, որին ցանկանում եք նվիրատվություն կատարել: «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների հիմնական շահառուներն են Հայաստանի կառավարությունը, տեխնոլոգիական համայնքը, դպրոցները, խմբավարները, բովանդակության պատասխանատուները և սարքավորումների մատակարարները:
Կարինե Տերտերյան