Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ինչու 2024 թվականը պետք է լինի Հայաստան-Հնդկաստան ռազմավարական գործընկերության տարի

Ինչու 2024 թվականը պետք է լինի Հայաստան-Հնդկաստան ռազմավարական գործընկերության տարի

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեք տարիների ընթացքում Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցության մակարդակը բավական բարձրացել է, հատկապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում: Հաշվի առնելով Հնդկաստանի ներդրումը Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու և ռազմավարական և տնտեսական զարգացման գործում Հայաստանի գործընկերը դառնալու հարցերում՝ Հնդկաստանը դարձել է Հայաստանի նոր կարևորագույն արտաքին քաղաքական գործընկերը։

Մինչ այժմ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման հարցում նախաձեռնությունը եղել է Հնդկաստանինը: Այս առումով Հայաստանը ևս պետք է քայլեր ձեռնարկի՝ բարձրացնելու այդ համագործակցությունը հաջորդ մակարդակի։ Նախաձեռնող լինելու հանգամանքը կարևոր է հատկապես այն ֆոնին, երբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո Հնդկաստանի ոգևորությունը Հայաստանի հանդեպ փոքր-ինչ նվազել է։ Հայաստանն այժմ պետք է ակտիվ լինի Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման հարցում՝ օգտագործելով երկկողմ հարաբերությունների ողջ ներուժը։

Որպես աճող աշխարհաքաղաքական տերություն, որը կարողացել է բարեկամական հարաբերություններ պահպանել բոլոր խոշոր գերտերությունների հետ, Հնդկաստանը կարող է կիսվել իր փորձով, թե ինչպես դիմակայել Ռուսաստան-Արևմուտք առճակատմանը և Հյուսիս-Հարավ բաժանմանը: Նրան հաջողվել է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ չվառելով կամուրջները որևէ մեկի հետ: Այն կարողացել է պահպանել դիվանագիտական հարաբերություններ իր հարևան հակառակորդի՝ Չինաստանի հետ: Այն նաև կարևոր փորձառություն ունի սահմանների կառավարման և սահմանների անվտանգության ոլորտում՝ իր հյուսիսային սահմանների երկայնքով կրկնվող բռնկումների արդյունքում: Հայաստանի համար այս ամենը հասկանալն ու սովորելը կարևոր են՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման Հայաստանի փորձերը:

Կարևոր է, որ Հնդկաստանը բացահայտ ցանկություն է հայտնել համագործակցել Երևանի հետ Հարավային Կովկասում` հաշվի առնելով տարածաշրջանում իրենց ռազմավարական շահերը: Հնդկաստանը կարող է աշխարհաքաղաքական հակակշիռ ծառայել Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Երեք եղբայրներ» դաշինքին: Ներգրավվելով Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչպիսիք են Հայաստան-Հնդկաստան-Իրան և Հայաստան-Հնդկաստան-Ֆրանսիա-Հունաստան, Հայաստանը ձեռք է բերում ռազմավարական դաշնակից մի տարածաշրջանում, որը բախվում է թուրքական հեգեմոնիային: Միևնույն ժամանակ, այս գործընկերությունը չի հակասում ո՜չ Արևմուտքին, ո՜չ Ռուսաստանին։

Հնդկաստանը գրավել է բազմաթիվ երկրների հետաքրքրությունն ու ուշադրությունը։ Այն հատկապես ուժեղ ազդեցություն ունի միջին և զարգացող երկրների վրա, որոնք իրենց համարում են «Գլոբալ հարավի» մի մասը՝ երկրներ, որոնք գտնվում են Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից, ինչպես նաև նրանց գործող ուժային կառույցներից դուրս: Վերջերս Emirates Policy Center-ի կողմից անցկացված Աբու Դաբիի ռազմավարական բանավեճում ԱՊՐԻ Արմենիայի ներկայացուցիչները մասնակցել են մի նիստի, որը նվիրված էր համաշխարհային թատերաբեմում Հնդկաստանի աճող դերին: Դելիում Գտնվող Observer Research Foundation վերլուծական կենտրոնի նախագահ Սամիր Սարանը քննարկման ժամանակ բացատրելով, թե ինչպես է Հնդկաստանն իրեն դիտարկում այսօրվա աշխարհում, ասել է, որ «Հնդկաստանը հարավ-արևմուտք է» իր զգացողությամբ։ Հնդկաստանն իրականացնում է կամրջող դեր՝ դառնալով վստահելի գլոբալ ջատագով փոքր երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Հնդկաստանն ունի դիվանագիտական և տնտեսական լծակներ, որոնք նա օգտագործել է Հայաստանի անունից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ դատապարտելու 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հայկական տարածքում հարձակումները:

Մինչև այլ երկրների հետ առկա հարաբերություններն իրենց հունով ընթանում են, Հայաստանի երկկողմ կապերը Հնդկաստանի հետ բոլոր ոլորտներում ծաղկման ներուժ ունեն՝ ի շահ երկու գործընկերների։ Քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և հարմարվել ներկայիս աշխարհի քաոսին, նա պետք է առավելագույնի հասցնի այս հնարավորությունը՝ խթանելու իր զարգացումը և հանդես գա նախաձեռնություններով, որոնք օգուտ կբերեն երկու երկրներին:

Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՊՐԻ Արմենիայի օրակարգում է ընդգրկվել Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խթանման հարցը, որի շրջանակներում իրականացվում են հետազոտություններ՝ բացահայտելու անվտանգության, ենթակառուցվածքների, առևտրի, տեխնոլոգիաների, գործարար համագործակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առկա ներուժը։

Թեև հայ-հնդկական պաշտպանական համագործակցության և սպառազինությունների նոր գործարքների միտումները խոստումնալից են, Հայաստանը պետք է ավելի ռազմավարական և համապարփակ գործընկերություն հաստատի Հնդկաստանի հետ՝ սկսած պաշտպանության ոլորտում համապարփակ համագործակցությունից: Որպես արևմտյան տեխնիկայի հետ ռուսական և խորհրդային կարգի սպառազինությունների ինտեգրման փորձ ունեցող մի քանի երկրներից մեկը՝ Հնդկաստանը կարող է ապահովել Հայաստանի պաշտպանունակությունը արդիականացնելու համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումներ և ուսուցում՝ օգտագործելով առկա ներուժը: Ավելին, Հնդկաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը պետք է ներառի նաև գործընկերություն խաղաղապահության, համատեղ զորավարժությունների, հնդկական բանակի կողմից ռազմական ուսուցման և հնդկական ռազմական պաշտոնյաների կողմից նյութատեխնիկական բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվությունների վերաբերյալ: Լինելով բարեկամ երկիր անվտանգության ոլորտում Հայաստանի ավանդական և նոր գործընկերների հետ, այն ունի Հայաստանի պաշտպանունակությունը բարելավելու ամենամեծ ներուժը՝ առանց իր գործընկերներից որևէ մեկին սադրելու:

Ավելի մեծ հաղորդակցային միջոցների և տարանցիկ երթուղիների իր տեսլականում Հայաստանը պետք է էլ ավելի խթանի իր գործընկերությունը Հնդկաստանի հետ՝ իր ենթակառուցվածքների կառուցման գործում: Հնդկաստանն ունի մի շարք երկրների ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու զգալի փորձ՝ բարելավելու առևտրային ուղիները, ինչպես օրինակ՝ Իրանի Չաբահար նավահանգստի նախագծում իր ներդրումները: Սկսած ցամաքային երթուղիներից, ինչպիսին է Պարսից ծոցը և Իրանը Վրաստանի և Սև ծովի հետ Հայաստանի միջոցով կապող Հյուսիս-Հարավ մայրուղին, մինչև Գյումրիում նախատեսվող չոր նավահանգիստը, Հայաստանը կշահի հնդկական փորձից և ներդրումներից՝ կյանքի կոչելու այս նախագծերը:

Չնայած 2020 թվականից ի վեր առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկմանը՝ Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ առևտրի ծավալը դեռևս օբյեկտիվորեն ցածր է՝ 2022 թվականին ընդամենը 358 միլիոն դոլար: Ի հակադրություն, Ադրբեջանի հետ Հնդկաստանի առևտրի ծավալը գրեթե հինգ անգամ գերազանցել է Հայաստանինը՝ 1,9 միլիարդ դոլար 2022 թվականին։ Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի ավելի մեծ ծավալների և կախվածությունների ստեղծումը ձեռնտու է Հայաստանին ոչ միայն տնտեսապես, այլև աշխարհաքաղաքական առումով: Ավելի մեծ տնտեսական կապերը նպաստում են տարանցման և մարդկանց միջև կապերի ավելացմանը՝ միաժամանակ բարձրացնելով Հայաստանի տնտեսական արժեքը Հնդկաստանի համար տարածաշրջանում։

Հատկապես դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հնդկաստանը առաջատար արտահանող է, Հայաստանը կարող է օգուտ քաղել ներմուծվող հնդկական արտադրանքից: Ավելին, Հայաստանը կարող է փոխարինել այն ապրանքները, որոնք ներկայումս ներմուծում է հակառակորդ երկրներից: Պետք է հետազոտություններ իրականացվեն՝ գնահատելու, թե որ ապրանքները (թուրքական տեքստիլ, պակիստանյան բրինձ և այլն) կարելի է ամենաարդյունավետը ներմուծել Հնդկաստանից։

Արդեն իսկ կան համագործակցային ծրագրեր հնդկական և հայկական բիզնեսների միջև: Որոշ հնդկական բիզնեսներ և տեխնոլոգիական ընկերություններ ԱՊՐԻ Արմենիային իրենց շահագրգռվածությունն են հայտնել համատեղ ձեռնարկություններում համագործակցել Հայաստանում, ինչպես նաև հայկական սփյուռքի բիզնեսների հետ: Այս հարցում պետք է ակտիվորեն համագործակցել համատեղ ձեռնարկությունների միջոցով, որոնք հիմնված են ոչ թե երրորդ երկրներում, այլ Հայաստանում և Հնդկաստանում:

Քանի որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթի բացակայությունը խոչընդոտում է առևտրի ավելի մեծ ծավալներին, ուղիղ ավիաչվերթի հաստատումը պետք է լինի առաջին քայլը երկկողմ առևտրի դյուրացման ուղղությամբ։ Բացի այդ, Հայաստանը պետք է գործուն քայլեր ձեռնարկի Հնդկաստանի հետ զբոսաշրջությունը խթանելու համար, խրախուսի հնդկական կինոարտադրությանը՝ Հայաստանում ավելի շատ ֆիլմեր արտադրելու և ավելի ակտիվ մարքեթինգի միջոցով ներկայացնելու Հայաստանը Հնդկաստանում: Այս կարևոր անհատական նախաձեռնությունները և, ոչ միայն, պետք է լինեն ընդլայնված երկկողմ հարաբերությունների համար նախատեսված ինտեգրված ճանապարհային քարտեզի մաս, որը կլրացնի արդեն իսկ շարունակվող համագործակցությունը ռազմական ոլորտում և կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը:

 Այս ամենը ամրապնդում է մեր սկզբնական տեսակետը, որ Հայաստանի համար, այժմ և ապագայում, արտաքին քաղաքական ամենակարևոր ուղղություններից մեկը Հնդկաստանն է: Այս հարաբերությունների զարգացումը պետք է լինի ամբողջ հասարակության առաջնահերթությունը՝ կառավարության, ակադեմիական, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և նույնիսկ ուսանողների: Այսպես կոչված «Ասիական դարում» Հայաստանի գոյատևման և բարգավաճման հնարավորությունը կախված կլինի այսօր մեկնարկած նախագծերից, որոնք կարող են խթանել փոխըմբռնումը և միջպետական համագործակցության նորարարական ուղղությունները:

Հաջորդ տարի ԱՊՐԻ Արմենիայի թիմը շարունակելու է ուսումնասիրել և նախանշել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ռազմավարական և համապարփակ տեսլականը՝ բացահայտելով պաշտպանության, առևտրի, ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտներում հնարավորությունները: «Երեք եղբայրներ» դաշինքը զսպելու և Արևմուտքին կամ Ռուսաստանին չհակադրվող «միջին ուղին» առաջ մղելու նպատակով՝ Հայաստան-Հնդկաստան համապարփակ գործընկերությունը պետք է իրագործվի:

Գալիք տարում Հնդկաստանը պետք է տեսնի Հայաստանի վճռական ուշադրությունը և նվիրված ջանքերը՝ պատկերացնելու մեր ընդհանուր, բարգավաճ ապագան։

Դավիթ Անտոնյան, ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am