Միջազգային

Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմական կաբինետը բանակցային խմբին հանձնարարել է շարունակել ջանքերը պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը՝ հղում անելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին:

Ըստ լրատվամիջոցի՝ ռազմական կաբինետի նիստը տևել է 4 ժամ․ կաբինետի անդամների մեծ մասը հավանություն է տվել համաձայնության հասնելու ջանքերը շարունակելու որոշմանը։

Կատարի Al-Araby Al-Jadeed լրատվամիջոցը, վկայակոչելով եգիպտացի աղբյուրի, հայտնել է, որ Եգիպտոսի պաշտոնյաները սկսել են բանակցությունները վերսկսելու ջանքերը։

Մայիսի 22-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր, որ կարող է լիովին հրաժարվել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին մասնակցելուց։

«Եգիպտոսի միջնորդական ջանքերը կասկածի տակ դնելու և վիրավորելու փորձերը...․ կհանգեցնեն միայն Գազայում և ողջ տարածաշրջանում իրադրության հետագա բարդացման և կարող են Եգիպտոսին դրդել լիովին հրաժարվել ներկայիս հակամարտությունում իր միջնորդությունից», - ասվում է Եգիպտոսի պետական ​​լրատվական ծառայության ղեկավար Դիա Ռաշվանի հայտարարության մեջ։

Ռաշվանի հայտարարությունը հրապարակվել է՝ ի պատասխան CNN-ի այն հրապարակման, համաձայն որի իրազեկ աղբյուրները հայտնել էին, թե Եգիպտոսը փոխել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրի պայմանները՝ նախքան այն ՀԱՄԱՍ-ին հանձնելը։

Ռաշվանն այդ հրապարակումը որակել է «անհիմն» և «որևիցե տեղեկատվությունից կամ փաստից զուրկ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում