Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք․ Միրզոյան

Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության տանող գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, սակայն որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ ստորագրել խաղաղության պայմանագիր, ուստի հայկական կողմի կառուցողականությանը զուգահեռ՝ նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման կարիքը կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնց վերջնանպատակը կլինի հարաբերությունների կարգավորումը և խաղաղության հաստատումը։ Մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք մեր նվիրվածությունը խաղաղության գործընթացին և ընդհանրապես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի հետ ունեցել ենք մի քանի ուղղություններով և մի քանի փուլերով բանակցություններ, աշխատում ենք խաղաղության պայմանագրի կոնկրետ նախագծի վրա։ Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք՝ ներկայացնելով մեր առաջարկները»,- ասաց Միրզոյանը։ 

Նա վկայակոչեց շատերին պնդումն առ այն, որ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա, պատուհան կա՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։

«Ես անշուշտ պետք է համաձայնեմ այդ պնդումների հետ։ Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին  ու դժվարություններին, որ ունեցել ենք։ Չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, Ադրբեջանից հնչող ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը՝ մենք իսկապես տեսնում ենք այդ հնարավորությունը։ ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որ խաղաղության տանող գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, բայց խաղաղության հասնելու հնարավորությունը կախված է երկու կողմերի կառուցողական ընդգրկումից ու նվիրումից»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։

Միրզոյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանը կդրսևորի այդ կառուցողականությունը, և  հավելեց, որ տեսանելի են դրական ազդակներ, ինչպես օրինակ վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում, իսկ Հայաստանն էլ իր հերթին սատարեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին։

«Մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ՝ նկատի ունենալով Ադրբեջանից պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերն ու կոչերը, ինչպես նաև բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը, քանի որ առաջարկներ կան, սակայն հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում։ Հույս ունենք, որ կառուցողականությունն այնուամենայնիվ կհաղթի և առաջիկայում կունենանք երկարատև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- եզրափակեց Միրզոյանը։ 

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am