Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

15 միջազգային փորձագետ Հայաստանում է. կատարվելու է միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գնահատում

15 միջազգային փորձագետ Հայաստանում է. կատարվելու է միջին 
մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գնահատում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Եվրոպական կրթական հիմնադրամի միջազգային փորձագետները Հայաստանում են՝ գնահատելու միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, վերհանելու բացերն ու մատնանշելու մարտահրավերները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ միջազգային փորձագետները բավական հագեցած օրակարգով են Հայաստանում։ Նրանց հանդիպումների ու այցերի լայն շրջանակը հնարավորություն կտա գնահատելու միջին մասնագիտական կրթության համակարգի խնդիրները։

«12 երկրից 15 միջազգային փորձագետ այս օրերին կլինի Հայաստանում։ Այցելելու են մի քանի քոլեջներ, հանդիպումներ են ունենալու պետական կառույցներում։ Աշխատանքներում ներգրավված կլինեն նաև գործատուները։ Բուն ուսումնասիրման աշխատանքներն իրականացնելու են մայիսի 21-23-ը, որից հետո ակնկալում ենք ամբողջական զեկույց մեր համակարգի վերաբերյալ»,-ասաց Ռուբեն Թոփչյանը։

Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի ղեկավար Մունիր Բաատին նշեց, որ հիմնադրամը Եվրամիության գործակալություն է՝ հիմնված 30 տարի առաջ ու պատրաստ է աջակցել գործընկեր պետություններին։

«Մեր փորձագետները հանդիպելու են դպրոցների տնօրենների, ուսումնական հաստատությունների դասախոսների, հրահանգիչների հետ։ Մենք ունենք մասնագետներ Վրաստանից, Լիբանանից, Իսրայելից, Հորդանանից, Սերբիայից և այլն։ Ասեմ, որ հիմնականում բոլոր երկրները միևնույն մարտահրավերների են առերեսվում։ Օրինակ՝ աշխատանքի շուկայի փոփոխություն, միջին մասնագիտական կրթական համակարգի գրավչությունը բարձրանել։ Այս ամենից զատ, շատ կարևոր է, թե ինչպես են կառավարություններն արձագանքում այդ մարտահրավերներին»,-ասաց Մունիր Բաատին։

Հայաստանի կրթության ռազմավարության գլխավոր կետերից մեկն այն է, որ մինչև 2030 թվականը շրջանավարտների 90 տոկոսը հնարավորություն ունենա աշխատանք գտնել։ Կրթության որակի հարցը ոչ միայն կրթական հաստատությունների ուշադրության կենտրոնում է, այլև հենց գործատուների, որ կարողանան համապատասխան աշխատուժ ստանալ, կադրային որակավորումն էլ լինի գործատուների պահանջին համապատասխան։ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշեց, որ այդ և այլ ցուցանիշներին հասնելու ուղղությամբ զգալի աշխատանք պետք է իրականացվի։

«Շատ ուզում եմ կարևորել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, ինչը տարբեր մասնագիտությունների գծով մեր երկրում իրականացվում է, սակայն միևնույն ժամանակ մենք այս ոլորտում զարգացման, ընթացակարգերի հստակեցման լուրջ անելիքներ ունենք։ Ապացուցված է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կրթության որակի բարձրացման ամենակարևոր ձևերից մեկն է»,-ասաց Արաքիսա Սվաջյանը։ Ոչ պակաս կարևոր է նաև դասախոսական անձնակազմի վերապատրաստումը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը։

Արաքսիա Սվաջյանը կարևորեց միջազգային փորձագետների կողմից Հայաստանում միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը գնահատելու գործընթացը։ Գնահատման միջոցով հստակ դուրս կբերվեն ուժեղ, թույլ կողմերը, տեսանելի կդառնան խնդիրներն ու առավելությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am