Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը 100 տարեկան է

Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը 
100 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանի գլխավոր զարդը՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը 100 տարեկան է:

«Նկարի համար ֆոն ծառայող կապույտ թաշկինակի վրա  ես կախեցի իմ սիրած եգիպտական դիմակը: Դժվարանում եմ ասել, թե ինչու Չարենցի հետ կողք կողք նկարեցի  դարերի խորքից եկող այդ դիմակը: Հաճախ արվեստագետը ներքին խոյանքի ենթարկվելով ստեղծագործության մեջ ներդնում է մինչև վերջ չգիտակցված բովանդակություն, որը բացահայտվում է տարիներ հետո միայն: Կարևորն այն է, որ եգիպտական դիմակը Չարենցին էլ դուր եկավ: Ըստ էության՝ հին եգիպտական արվեստի այդ բարձրագույն նվաճման մեջ ինչպես կիզակետում համընկան մեր գեղարվեստական ճաշակները: Դիմակի աչքերը, որոնց մեջ հավերժի պահությունն էր արտացոլվում՝ հակադրվելով Չարենցի կենդանի, իմաստուն աչքերի հետ, շեշտում էին դրանց անհուն խորությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարտիրոս Սարյանը: 

 «Մարտիրոս Սարյանն օրերից մի օր հանդիպում է Եղիշե Չարենցին Աստաֆյան փողոցում և ասում՝ իհարկե գրողին շատ է նկարել, բայց ցանկանում է  մեկ այլ կտավ ստեղծել: Պայմանավորված օրը Սարյանը գնում է Չարենցի տուն և նրան գտնում լարված վիճակում: Սկսում է նրա հետ զրուցել, որպեսզի Չարենցը մի փոքր հանդարտվի և բնական լինի, սակայն դա նրան չի հաջողվում և որոշում է մեկ այլ անգամ նկարել գրողին»,-պատմում է թանգարանի էքսկուրսավար Աստղիկ Աղայանը:

Որոշ ժամանակ անց առանց Չարենցին զգուշացնելու Սարյանը գնում է նրա տուն: «Չարենցը շատ զբաղված է լինում. կինը և դուստրը ևս տանն էին: 1923 թվականի հենց այդ օրը ստեղծվում է «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը»,-ասում է Աղայանը:

Թանգարանում պահվում են 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները։ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աչքի է ընկնում հավաքածուի հաճախակի համալրումներով, ինչը եղել և մնում է թանգարանի թերևս ամենակարևոր և ակտիվ իրականացվող գործառույթներից մեկը։ Դա պայմանավորված է ոչ միայն թանգարանի բնույթով, այլև տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներով ու աշխատակիցների սրտացավ աշխատանքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am