Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ուսուցիչների ատեստավորման գործընթացն իրականացնում ենք՝ գիտակցելով, որ մեր երեխաների շահերը նույնպես կարևոր են․ Փաշինյան

Ուսուցիչների ատեստավորման գործընթացն իրականացնում ենք՝ գիտակցելով, որ 
մեր երեխաների շահերը նույնպես կարևոր են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ դա արվում է ոչ թե ուսուցիչների համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով, այլ գնում են այդ քայլին՝ կարևորելով դպրոցում սովորող երեխաների շահը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսել է՝ պատասխանելով ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին։

«Մենք ուզում ենք, որ ուսուցիչների աշխատավարձը ավելի քան կրկնապատկվի։ Հիմա, օրինակ, երեք տարի առաջ կարո՞ղ էր ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել։ Ոչ, չէր կարող, չկար նման տարբերակ։ Մենք ստեղծել ենք ճանապարհ ուսուցիչների աշխատավարձի կրկնապատկումն ապահովելու համար։ Մեր ուսուցիչներին հորդորում ենք անցնել այդ ճանապարհը և վերցնել այդ աշխատավարձը։ Բայց մենք սա նրա համար չենք անում, որ ուսուցիչների համար խոչընդոտներ ստեղծենք, որ մեր հարգելի ուսուցիչները դժվարությամբ հասնեն այդ գումարին։ Ոչ, մենք գիտակցում ենք, որ մեր երեխաների շահերը նույնպես կարևոր են, եթե ոչ ամենակարևորը։ Մենք ասում ենք, որ ցանկանում ենք համոզվել, որ դասարան մտնող ուսուցիչը համապատասխանում է այն չափանիշին, որից ներքև չի կարող լինել ուսուցչի որակավորումը։ Բայց սրանով մենք նաև ստեղծում ենք հնարավորություն»,- ասել է վարչապետը։

Նա մանրամասնել է, որ նախկինում մեխանիզմն այնպես էր, որ ատեստավորման քննության ժամանակ 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներին տրվում էր ևս մեկ հնարավորություն․ եթե այդ դեպքում էլ ուսուցիչները չէին հաղթահարում անցողիկ շեմը, նրանք դպրոցում չպետք է աշխատեին։ Վարչապետն ընդգծել է, որ հիմա նոր որոշում են ընդունել, որի համաձայն՝ առաջին քննության ժամանակ անցողիկ շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք երկրորդ քննության ժամանակ արդյունքի 15 տոկոսանոց  բարելավում կունենան, ատեստավորվելու ևս երկու հնարավորություն կստանան։

«Մենք ձեր խնդրանքին արձագանքում ենք, ձեզ էլ խնդրում ենք, որ դուք էլ մեր խնդրանքին արձագանքեք, որովհետև, եթե մենք երեխայի կրթության հարցում անսկզբունքային գտնվենք, մենք այդ երեխաներին կդատապարտենք աղքատության։ Եթե մենք վերլուծենք տվյալները, ժամանակակից աշխարհում աղքատության հիմնական պատճառը կրթության կամ դրա պատշաճ մակարդակի  բացակայությունն է։  Երեխաներին դատապարտել աղքատության, նշանակում է պետությունը դատապարտել աղքատության և ոչնչացման»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը խոսել է նաև ևս մեկ որոշման մասին, որը կառավարությունը վերջերս կայացրել է ուսուցիչների ատեստավորման համատեքստում։

«Նախկինում նրանք, ովքեր հատել էին 60 տոկոսի շեմը, բայց չէին հասել 70 տոկոսին, համարվում էին ատեստավորված, բայց նրանց աշխատավարձը չէր բարձրանում։ Հիմա մենք փոփոխություն արեցինք և հոկտեմբերին արդեն 60 տոկոսի շեմն անցած ուսուցիչների դրույքաչափը մոտավորապես կկրկնապատկվի, բայց լրացուցիչ հավելումներ նրանք չեն ստանա։ Նրանք դա կստանան հաջորդ ատեստավորման ժամանակ 70 տոկոսին հասնելու և այդ շեմը գերազանցելու դեպքում»,- եզրափակել է վարչապետը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am