Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

«Կախանի» մեթոդը խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունում պետք է գրանցվի որպես հայկական մեթոդ

«Կախանի» մեթոդը խաղողագործության և գինեգործության միջազգային 
կազմակերպությունում պետք է գրանցվի որպես հայկական մեթոդ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գևորգյան գինու գործարան»-ը հայ գինեգործության «կախանի» մեթոդը Հայաստանում արտոնագրելուց հետո «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի հետ միասին նպատակ ունի ստանալ նաև միջազգային արտոնագիր՝ «կախանի»-ն գրանցելով որպես հին հայկական գինեգործական մեթոդ։ 

IMG_20231225_145556_021.jpg (622 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործարանի և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի ջանքերով մոռացված ավանդույթը կներկայացվի միջազգային OIV-ում (Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպություն)։ 

Չամչացված խաղողից գինի պատրաստում են շատ երկրներում: Օրինակ՝ իտալացիները խաղողը չամչացնում են տախտակների վրա, մեկ այլ երկրում՝ ծղոտի վրա: Հայկական «Կախանի» մեթոդն արդյունավետ է, քանի որ խաղողը կախվում է թելերի վրա,  հատիկները միմյանց չեն դիպչում և շփման մակերես չունեն, այդպիսով ավելի լավ են չորացվում՝ պահպանելով իրենց յուրահատուկ համը: 

IMG_20231225_145556_861.jpg (888 KB)

Միջազգային շուկայում «Կախանի»-ն բրենդ դարձնելը «պատրաստված է Հայաստանում» պիտակի տեսանելիության և Հայաստանի դերը գինեգործական շուկայում բարձրացնելու համար է: 

«Հասկացա, որ հայկական գինին չունի իր ձևավորած ոճը: Այս ոլորտում առաջատար են այն երկրները, որոնք ունեն ասելիք, ունեն ձևավորած ոճ: Այդ մասին երկար մտածելով և ուսումնասիրություններ անելով՝ փորձել եմ տարբեր մեթոդներ, կանգ առել այս հին հայկական մեթոդի վրա, ապա՝ այն նորացրել, հարմարեցրել եմ ժամանակակից աշխարհին ու արտոնագրել  մեթոդը: Աշխատում ենք նաև «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի հետ»,- նշեց գինեգործ Վահագն Գևորգյանը: 

«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց՝ հայկական գինին վերածնունդ է ապրում, և Հայաստանը պարբերաբար ներկայացնում է իր գինիները տարբեր միջազգային հարթակներում: Նա ընդգծեց՝ կարևոր է ներկայացնել Հայաստանի գինեգործության առանձնահատկությունը: 

IMG_20231225_145556_032.jpg (651 KB)

«Բացի նրանից, որ մենք հարուստ պատմություն ու ժառանգություն, նաև խաղողի հետաքրքիր սորտեր ունենք, որով առանձնանում ենք: Սրան զուգահեռ ունենք ավանդական տեխնոլոգիաներ, որով պատրաստվում են գինիներ: Մեզ համար կարևոր է, որ առանձնացնենք տեխնոլոգիաները և ուրույն կերպով ներկայանանք աշխարհին: «Կախանի»-ն  հատուկ տեխնոլոգիաներից է, որն ուզում ենք տարածել և աշխարհին ներկայանալ հատուկ գինիներով: Երբ դու ներկայացնում ես երկիրդ որպես հնագույն գինեգործական երկիր, բոլորին հետաքրքիր են հին ավանդույթները»,- նշեց Մուրադյանը: 

Այսօր «Կախանի» տեսականին ներառում է երեք տեսակի գինիներ՝ կես կախանի, դասական և քաղցր: Հիմնական տարբերությունը խաղողի չորացման ժամկետների մեջ է: Գործարանը պատրաստ է գործընկերներին բացել այս գինու պատրաստման գաղտնիքները, որպեսզի այլ հայկական բրենդերը ևս այս եղանակով գինի արտադրեն: Իսկ այսօր արդեն մի քանի գործարաններ այդ մեթոդով գինի են ստանում:

IMG_20231225_145556_573.jpg (844 KB)

««Կախանի» նշանակում է «կախված»: Հայկական գյուղերում մինչև օրս մրգերը կախված են պահում առաստաղի տակ՝ ձմռանն ուտելու համար։ Այդպես մրգերը չեն փտում: Այն շրջաններում, որտեղ կան խաղողի բազմաթիվ այգիներ, մեր նախնիները խաղողը կախում էին մառաններում։ Հետո էլ սկսեցին չամչացված խաղողի ավելցուկից գինի պատրաստել, քանի որ չէին հասցնում ամբողջն ուտել․ այն անվանեցին «Կախանի» գինի։ Միայն թե նրանց գինին քաղցր էր. չամչացված խաղողի մեջ շաքարի պարունակությունը մեծանում է, և այն դժվար է ամբողջությամբ ֆերմենտացնել տնային պայմաններում: Այդ խնդիրը լուծում ենք ժամանակակից մեթոդներով»,- նշել է գինեգործը:

Միջազգային գինու շուկան ուսումնասիրելով՝ գինեգործը հասկացել է, որ չամչացված խաղողից  պատրաստված գինին սիրված է, պահանջված է և, ելնելով պատրաստման բարդությունից, բարձր գնով վաճառվելու պոտենցիալ ունի: 

IMG_20231225_145556_366.jpg (1.30 MB)

Այս տարի «Գևորգյան գինու գործարան»-ի կես կախանի գինին արժանացել է գինու միջազգային  Concours Mondial de Bruxelles մրցույթի ոսկե մեդալի: 

Կարինե Տերտերյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am