Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող 
արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանին նշանակելու որոշումն ու մանրամասնել, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու։ 

- Տիկին Բաղդասարյան, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: Այս նշանակմամբ իրականություն է դառնում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այս ծառայությունը: 

- Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից: 

Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին:  ԱՀԾ-ն նաեւ սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի: 

- Իսկ ինչով է պայմանավորված ծառայության ձեւավորումը հենց ընթացիկ շրջանում: Ինչու՞ հատկապես հիմա: 

- Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ Նոր ծառայության ստեղծումը անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական բարեփոխումների կարևոր մաս է։ Ծառայության մասին օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ծառայության ստեղծումը բնականոն գործընթացի արդյունք է: Նախորդող ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրասվտել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալու համար: 

- Իսկ ներկայումս ծառայությունը տեղակայման վայր ունի՞, քաղաքացիները այնտեղ աշխատանքի ընդունվելու համար ու՞մ պետք է դիմեն: 

- Օրենքը Ծառայության պետի նշանակումից հետո նախատեսում է որոշակի ժամանակահատված ինստիտուցիոնալ ձևավորման, այդ թվում՝ տեղակայման, ինչպես նաև Ծառայության գործառնական հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Ծառայությունը ֆունկցիոնալ դառնալուն պես նշված հարցերը կունենան պատասխաններ և անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Իհարկե, ծառայության լիարժեք կայացման համար երկար ժամանակ հարկավոր կլինի: 

- Վարչապետը ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստիննե Գրիգորյանին, ով զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Գրիգորյանը, ով չունի ոլորտի որևէ փորձառություն, արդյո՞ք ճիշտ թեկնածու է նման ծառայության ղեկավարի համար։ 

- Նոր ծառայության ղեկավարի առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, որը կունենա ամուր ինստիտուցիոնալ հիմք և կկարողանա սպասարկել ՀՀ կենսական շահերը։ Համոզված ենք, որ հանրային կառավարման ոլորտում Քրիստիննե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։ 

- Իսկ արևմտյան ո՞ր ծառայության մոդելն է ընտրված որպես հիմք։ 

- Ցանկանում եմ ընդգծել՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային և ոչ էլ հարավային որևէ ծառայության մոդել ընտրված չէ։ Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու և ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձևավորելու սկզբունքներով։ Տրամաբանական է, որ ԱՀԾ աշխատանքներում կարեւոր դեր ունի նաեւ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողություն ունեցող տարբեր մասնագիտական ծառայությունների մասին հասանելի տեղեկատվության ուսումնասիրությունը, որը կգնահատվի ըստ ՀՀ-ում կիրառելիության աստիճանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]