ԳԱՎԱՌ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Սոթքի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 616 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Սոթք բնակավայրում վերակառուցել 3751,5 մետր խմելու արտաքին ջրագիծ, 5 մարիչ հոր, 1 օդահան հոր, հիմնովին կառուցել 1 թողարկվող հոր։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի 24-ից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ շինարարական աշխատանքները Սոթքում իրականացվել են շուրջ 70 տոկոսով։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սպիտակ Բազե» ընկերությունը։
Ծրագրի իրականացման արդյունքում Սոթքում հիմնովին կբարելավվի խմելու ջրի որակյալ ու անխափան մատակարարումը։
Խոսրով Խլղաթյան