Սուդանում հրադադարի ուժի մեջ մտնելուց քիչ անց բախումները վերսկսվել են, կան զոհեր
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև բախումների զոհ է դարձել 30 խաղաղ բնակիչ, 245-ը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Սուդանի բժիշկների կոմիտեի հայտարարությունը։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Սուդանում 24-ժամյա հրադադարի ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց կատաղի բախումներ են սկսվել: Խարթումում ընթացող մարտերում գործի են դրվել ռազմական ինքնաթիռներ, տանկեր:
Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը» առանձին հայտարարություններ են տարածել՝ հրադադարը չհարգելու մեջ մեղադրելով մեկը մյուսին:
Իր հերթին The National պարբերականը հաղորդում է, որ Խարթումի միջազգային օդանավակայանի տարածքում պայթյուններ են լսվել: Նշվում է, որ օդանավակայանում վառելիքով ցիստեռններ են այրվում: Սոցցանցերում հրդեհից կադրեր են հրապարակվել:
Large plumes of smoke are bellowing over Khartoum this morning, namely from the airport area. One specific fire seems to be in the fuel area within the airport. pic.twitter.com/4ceyeZ91qp
— Benjamin Strick (@BenDoBrown) April 19, 2023
Սուդանի ռազմական ղեկավարի և նրա տեղակալի միջև հակամարտությունը սկսվել է չորս օր առաջ: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում