Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ կկարողանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության համատեղ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շնորհիվ 2023 թվականից Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ հնարավորություն կստանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին: Սա նաև հնարավորություն կտա շատ աշակերտների կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն:
Ծրագրի հեռանկարների, հնարավորությունների, գործարկման ժամկետների և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանի և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության՝ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի հետ:
Սուսաննա Ազատյանն ընդգծեց, որ նման դասընթացի իրականացման գաղափարը ողջունելի է, քանի որ այն կնպաստի ավագ դպրոցում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը՝ հավելելով, որ նման մասնագիտական ռեսուրսի կարիքը զգացվում է Հայաստանի աշխատաշուկայում: Միաժամանակ ծրագրի ներդրման շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել համապատասխան ուղղվածությամբ ուսումնական հաստատություններում:
«Ծրագրի փորձարկումը նախատեսվում է 2 մակարդակով՝ առաջին մակարդակը մեկնարկում է 10-րդ դասարանից և միտված է զարգացնելու մաթեմատիկական և ալգորիթմիկ մտածելակերպ ունեցող սովորողների խումբ, ովքեր կզինվեն անհրաժեշտ հմտություններով ու կստանան մասնագիտական կողմնորոշում հետագա կրթական ուղին ընտրելու համար։ Պիլոտային փուլի մեկնարկը կտրվի 2023 թ․ սեպտեմբերին։
Երկրորդ մակարդակը մեկնարկում է 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակից և աշակերտին հնարավորություն կտա ստանալու Արհեստական բանականության ուղղությամբ տեսական և գործնական խորացված գիտելիքներ ու հմտություններ։ 2023 թվականի հունվարից նախատեսված է երկրորդ մակարդակի պիլոտավորումը Տավուշի ավագ դպրոցներում՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից ձեռնարկած Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի շրջանակում»,- ասաց Սուսաննա Ազատյանը:
Նա ընդգծեց, որ ծրագիրը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանած թիրախներին, այն է՝ ԳՏՃՄ առարկաների դասավանդման բարելավմանն ու զարգացմանն ուղղված գործողություններ:
«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)»-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը նշեց, որ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում և ծրագրով նախանշված է ընդհանուր մաթեմատիկական կրթության որակի բարելավում 10-12-րդ դասարաններում, ծրագրավորման և համակարգչային գիտության, կրթության բարելավում, որոնք նախապայման են արհեստական բանականությունը սովորելու և մասնագիտական կողմնորոշման համար: «Կարևոր է շատ, որ աշակերտները հենց դպրոցում հասկանան, թե ի՞նչ է արհեստական բանականությունը, և թե ի՞նչ է իրականացնում այս ոլորտի հետազոտողը: Ինչպես նաև կիրականացվեն դասավանդող խմբի վերապատրաստումներ, որից հետո այս բոլոր բաղադրիչների մշակման արդյունքում արդեն 2023 թվականի սեպտեմբերից ծրագիրը կփորձարկվի 10 դպրոցներում»,- ասաց նա:
Անուշ Այվազյանն ընդգծեց, որ արհեստական բանականությունն աշխարհի ամենազարգացող ուղղություններից մեկն է, և, որպեսզի մեր երկիրը և երեխաները ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով, ապա այս կրթությունը պետք է սկսեն դպրոցական ծրագրից, որովհետև այնտեղ կան շատ թերացումներ , որոնք տանում և հանգեցնում են հետագայում ավելի խորը բացերի այն փուլում, երբ քաղաքացին պետք է մասնագետ դառնար:
«Դրա համար մեր ամբողջ ծրագիրը սկսվում է դպրոցականից, հիմնականում դպրոցական մակարդակում մենք այդ նախապայման հանդիսացող գիտելիքների վրա ենք հիմքը դնում՝ մաթեմատիկա և ծրագրավորում: Այնուհետև այն երեխաները, ովքեր կկարողանան ավելին, 12 –րդ դասարանում իրենց համար ծրագիր կլինի նաև խորացված արհեստական բանականության ուղղությամբ: Մենք նպատակ ունենք ամբողջ Հանրապետության մակարդակով բարձրացնել այս երկու ուղղությունների դերը, որը ԳՏՃՄ ոլորտի համար պահանջվող մասնագիտության հիմքն է»,- ասաց նա:
Ըստ Անուշ Այվազյանի՝ այս հիմքը դնելուց հետո այն երեխաներին, ովքեր մոտիվացիա և համապատասխան գիտելիքներ կունենան արհեստական բանականության ուղղությամբ, կուղղորդեն դեպի այդ դաշտ, ինչպես նաև կունենան երեխաների մի մեծ խումբ, ովքեր խորացված գիտելիքներ կունենան ԳՏՃՄ ոլորտին անհրաժեշտ մասնագիտությունների համար:
Անդրադառնալով ուսուցիչների ու մասնագետների մասով բացը լրացնելու հարցին՝ մասնագետը նշեց, որ մի քանի մոդել ունեն. մաթեմատիկայի մասով, հիմնվելով եղած մասնագետների վրա, փոխելու են դասավանդման մեթոդաբանությունը, որպեսզի երեխաներին կարողանան ներգրավել և ակտիվ ուսումնառություն իրականացնել: ԳՏՃՄ ոլորտի գիտելիքների՝ ծրագրավորման և արհեստական բանականության մասով ունեն երկու մոդել, մեկն ավելի շատ հիմնված է առցանց հարթակների և ինքնուսուցման վրա, և այստեղ փոխվում է ուսուցչի դերը. նա դառնում է օժանդակող, որպեսզի այդ ինքնակրթությունը իրականացվի: Երկրորդ մոդելի դեպքում ինդուստրիայից և բուհական կրթությունից մարդկանց են ներառում դասավանդողի դերում՝ արդեն հիբրիդային ֆորմատով:
Մեզ հետ զրույցում Անուշ Այվազյանն ասաց, որ ծրագրի հանդեպ դպրոցների հետաքրքրությունը մեծ է. եղել են և՛ մասնավոր, և՛ պետական դպրոցներ, որոնք անձամբ են դիմել ծրագիրը իրենց դպրոցներում փորձարկելու հարցով:
Նա կարևորեց նաև այն փաստը, որ սա պետական ծրագիր է , և լինելու է ոչ թե արտադպրոցական խմբակ, այլ՝ հաստատված առարկայացանկ:
«Եվ ընդհանրապես այս ծրագիրը համագործակցությունների հիման վրա ծրագիր է: Մենք նպատակ չունենք կրկնել կամ նորից ինչ-որ բան ամբողջովին մշակել, եթե կան ոլորտային կառույցներ, որոնք հմտացած են տարբեր բաղադրիչներով, մենք գնում ենք համագործակցության, օրինակ՝ «Այբ»-ը, ՔՈԱՖ-ը, «Դասավանդիր Հայաստան»-ը: Շատերի հետ մեր ցանկությունները և պլանները համընկել են և արդեն նախնական պայմանավորվածություններ ձեռք են բերվել»,- եզրափակեց FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը:
Գայանե Գաբոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում