Տնտեսություն

Վարչապետն ԱԲ գործարանների կառուցմանը զուգահեռ նոր էներգետիկ հզորությունների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

Վարչապետն ԱԲ գործարանների կառուցմանը զուգահեռ նոր էներգետիկ հզորությունների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանում արհեստական բանականության գործարանների զարգացումը մեծացնում է էլեկտրաէներգիայի սպառումը և առաջացնում նոր էներգետիկ հզորություններ գեներացնելու անհրաժեշտություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը Հայաստանում ընդդիմության կողմից լայնորեն քննադատվել էր որպես որևէ նշանակություն չունեցող փաստաթուղթ, սակայն դրանից հետո արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։

«Անցել է ընդամենը 10 ամիս, և Երևանի պետական համալսարանում մենք ունենք արհեստական բանականության կենտրոն և սուպերհամակարգիչ։ Գագարին բնակավայրում ունենք արհեստական բանականության գործարան»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հունիս-հուլիս ամիսներին նախատեսվում է Հրազդանում ունենալ արհեստական բանականության երկրորդ գործարանը։ Նա նշեց, որ միայն «Firebird» ընկերության ծրագրով Հայաստանն ունի 5 միլիարդ դոլարի ներդրումային ներուժ։  

Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ այս զարգացումներն ավելացնում են Հայաստանի առջև կանգնած խնդիրները, քանի որ արհեստական բանականության գործարանները զգալիորեն մեծացնում են էլեկտրաէներգիայի սպառումը։

«Ընդամենը մեկ տարի կամ մեկուկես տարի առաջ կարող էինք համարել, որ էլեկտրաէներգիայի էական ավելցուկ ունենք, որը պետք է սպառելու տեղ գտնենք։ Այսօր արդեն պետք է մտածենք, թե ինչպիսի նոր հզորություններ գեներացնենք»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն այս ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Փաշինյանը նշեց, որ Եվրոպական միությունը վերահաստատել է Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման հարցում արագացված աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

«Սա նշանակում է, որ մենք մեծ քայլերով շարժվում ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն և ավելի հուսալի անվտանգություն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը արևային էներգետիկայի ոլորտում ունի մեծ ներուժ, և այժմ այդ ներուժը իրացնելու հնարավորությունները դառնում են ավելի առարկայական։

Վարչապետը հավելեց, որ Կառավարությունն արդեն ընդունել է ծրագիր, որով խթանվում է կուտակիչ կայանների ներդրումը մասնավոր և արտադրական հատվածներում։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում