Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Լրագրող Թալալ Խրաիսն արժեքավոր փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հանձնելու համար արժանացել է շնորհակալագրի

Լրագրող Թալալ Խրաիսն արժեքավոր փաստաթղթերը Հայոց ցեղասպանության 
թանգարան-ինստիտուտը հանձնելու համար արժանացել է շնորհակալագրի

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը արժեքավոր արխիվային փաստաթղթերի հանձնման համար շնորհակալագիր է հանձնել իտալաարաբական «Ասադաքահ» ընկերության հիմնադիր, լրագրող Թալալ Խրաիսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, արխիվային նյութերը հայտնաբերել է աղյուսագործ Սալվատորե Գարգանոն Օրիոլո Ռոմանոյի (Լացիոյում գտնվող կոմունե) մենաստանի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Սույն արխիվային նյութերը ծագումով իտալացի Սալվատորե Լիլլիին՝ ֆրանցիսկյան վանական, մարտիրոսության հանգամանքները քննելու և ապա՝ Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգը դասելու համար հավաքված պատմական փաստաթղթերի փաթեթ է:

Նյութերը բաղկացած են պատմական գրառումներից, հայր Սալվատորեի մեկ նամակից՝ ուղղված ժամանակի քահանայապետ Պիոս IX-ին (1846-1878 թթ.), տարբեր հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների, նաև Սալվատորե Լիլլիի նահատակության հանգամանքները քննող վկայությունների գրառումներից ու վկաների լուսանկարներից։ Դրանցում Սալվատորե Լիլլին, որպես ականատես, նաև նկարագրում է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները։

Սալվատորե Լիլլին՝ Վինչենցո և Անունցիատա Լիլլիների որդին, ծնվել է Կենտրոնական Իտալիայի Աբրուցցո շրջանի Լ’Ակվիլա պրովինցիայի Կապադոչա կոմունեում (Comune di Cappadocia) 1853 թ․ հունիսի 19-ին և նույն օրն էլ մկրտվել է՝ Սան Բիաջիո (Սուրբ Վլաս, նահատ.՝ 316 թ.՝ Սեբաստիայում) հայազգի մարտիրոսի անունը կրող ծխական եկեղեցում։ Երիտասարդ տարիքում՝ 1870-1871 թթ. դառնում է ֆրանցիսկյան միաբան: 1873 թ․ որպես միսիոներ մեկնում է Փոքր Ասիա, նշանակվում է Մուջուկդերեսիի հոգևոր առաջնորդ։ 1895 թ․ նոյեմբերի 19-ին սպանվում է յոթ հայ ուղեկիցների հետ միասին օսմանյան զինվորների կողմից: Տևական ժամանակ տեղի ֆրանցիսկյան միաբանությունը սպառնալիքներ էր ստանում զինվորական իշխանության պարագլուխների կողմից: Նրանց ներկայությունը տարածքում այնքան վտանգավոր էր դարձել, որ իր նամակներից մեկում հայր Սալվատորեն Մարաշի իր պաշտոնակցին՝ հայր Դիոնիսիոյին ուղղված մի նամակում խնդրում է օգնություն՝ որևէ կերպ իրենց անվտանգությունն ապահովելու միջոցներ ձեռնարկելու համար: Հայր Սալվատորեն քանիցս լսել էր, որ ֆրանցիսկյան կրոնավորների ու վանքի սպասավորների՝ վանքը լքելու հրամանի հետևում թաքնված էր նրանց՝ ճանապարհի որևէ հատվածում ծածուկ վերացնելու նպատակը: Ի վերջո նպատակն իրագործվում է. գնդապետ Մազհար բեյը բանակ է դնում Մուջուկդերեսիի մոտակայքում ու մտնում վանք: Հայր Սալվատորեն խնդրում է վերցնել այն ամենը, ինչ պետք է, միայն թե կենդանի թողնել մարդկանց: Այս խոսքին ի պատասխան հրամանատարը պատասխանում է. «Միայն քո կյանքը առնելու եկա»: Սկսում են կտտանքների ենթարկել հայր Սալվատորեին, վիրավորում են ազդրը, ապա կրկնաբար առաջարկում իսլամանալ նրան ու նրան չլքելու որոշում կայացրած ուղեկիցներին, որոնք հիմնականում վանքի սպասավորներ էին, և որոնց թուրքերը պարանով կապված որոշել էին տեղափոխել Մարաշ: Բոլորը հրաժարվում են ուրանալ քրիստոնեությունն ու ընդունել իսլամ:

Հայր Սալվատորե Լիլլիի և նրա ուղեկիցների նահատակության մասին խոսում է Զեյթունի ապստամբության պատմությունը գրող հաճընցի հնչակյան գործիչ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան, 1871-1941)՝ դրան նվիրելով իր գրքի ԺԶ. գլուխը՝ 8 էջ:

1982 թ․ հոկտեմբերի 3-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը Սալվատորե Լիլլիին ու նրա հետ նահատակված յոթ ուղեկիցներին դասում է Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգի մեջ, իսկ հիշատակի օր սահմանվում է նոյեմբերի 19-ը: Փաստացիորեն ՀՑԹԻ-ին հանձնվածը Սալվատորե Լիլլիի երանացման համար տասնամյակներով (ամենավաղ թվագրվողը՝ 1894 թ. հոկտեմբերի 10-ով, ամենաուշը՝ 1944 թ. մայիսի 22-ով՝ սկսած նրա անձնական նամակից ու նահատակությանն անմիջապես հաջորդող շրջանից) կազմված փաստաթղթերի տրցակ է՝ բաղկացած 208 թերթից և, մեր դասակարգմամբ, 24 առանձին միավորներից՝ տարբեր տարիներով թվագրված իտալերեն, ֆրանսերեն, լատիներեն ու հայատառ թուրքերեն նյութերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am