Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այժմեական եւ ուսանելի. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն թարգմանության շնորհանդեսը 

Այժմեական եւ ուսանելի. Մովսես Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն 
թարգմանության շնորհանդեսը 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում հունիսի 12-ին տեղի ունեցավ Պատմահոր՝ Հայոց Հերոդոտոսի «Հայոց պատմության» սերբերեն  թարգմանության շնորհանդեսը, որին մասնակցում էր Բերգրադից հատուկ այդ առիթով Երեւան ժամանած հրատարակիչը՝ Վեսնա Պեշիչը։ Նա լեզվաբան է, հրապարակախոս, Բելգրադի «Պեշիչ եւ որդիներ» հրատարակչության հիմնադիր  տնօրենը եւ համաշխարհային առումով սերբական մշակույթն ու իր երկրի  արժեքները քարոզողը։ Վեսնա Պեշիչը 6 գրքի հեղինակ է։ Նրա սցենարով նկարահանվել են մի շարք արժեքավոր վավերագրական ֆիլմեր, որոնցից մեկը բաղկացած է 96 մասից եւ նվիրված է համաշխարհային պատմությանը։   

Այդ  իմաստուն եւ անսահման հմայիչ կինը ճանապարհորդել է աշխարհի բոլոր  մայրցամաքներում, մասնակցել միջազգային բազմաթիվ կոնգրեսների։ Ազատ  խոսում է ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն։ Նրա հրատարակչությունը լույս է  ընծայում գրքեր, որոնք նվիրված են մարդկության հնագույն քաղաքակրթությանը։ Տիկին Վեսնան Բելգրադի գրողների միության պատվավոր անդամ է, Ժնեւի համաշխարհային մտքի, ինչպես նաեւ Սերբիայի զարգացման ակադեմիայի,  Մեքսիկայի Հոմերոսի երկերի ուսումնասիրման ինստիտուտի անդամ։ Ստացել է բազմաթիվ միջազգային պարգեւներ, որոնցից վերջինը Ռուսաստանի «Ոսկե գրիչ» մրցանակն է (2019 թ.)։

Շնորհանդեսը վարում էր տաղանդավոր բանաստեղծ ու թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ-ում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, ով  մեծ ավանդ ունի Պատմահոր գրքի թարգմանության խմբագրման դժվարին գործում, նաեւ առաջաբանի հեղինակն  է։ Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ գրքի  մասնագիտական առաջաբանի հեղինակ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը, ով խոսեց Պատմահոր երկի այլալեզու թարգմանությունների մասին ու իր խորին շնորհակալությունը հայտնեց երկի՝ շատ բարեկամ սերբ ժողովրդի  լեզվով թարգմանվելու կապակցությամբ։ Ջերմ խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով խիստ կարեւորեց միջազգային արժեք ունեցող Խորենացու պատմության բարեկամ ժողովրդի լեզվով թարգմանվելու իրողությունը՝ շեշտելով երկու ժողովուրդների  ճակատագրերի նմանությունը։ Պատմաբանի համար Խորենացու երկի ամեն նոր  թարգմանություն նշանակում է Պատմահոր գլուխգործոցի հարատեւություն։ Նա պատմեց այն սրտաշարժ հանդիպման մասին, որն ունեցել է Չինաստանում տեղի  ունեցած միջազգային կոնգրեսի ժամանակ, երբ այնտեղ հանդիպել է սերբ գործընկերոջը՝ որպես հոգեհարազատ եղբոր։

Թարգմանության արժեքը հատուկ շեշտեց ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան գործերի  ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ով խիստ շահագրգիռ է հայ-սերբական գրական ու մշակութային կապերն առավել  ամրապնդելու գործում եւ երջանիկ է, որ Խորենացու երկը կկարդա մայրենի լեզվով։

Իմաստուն ու ներգործող էր Վեսնա Պեշիչի ելույթը, որտեղ խոսվեց Խորենացու  պատմության թարգմանության ազդակների մասին։ Վաղնջական ժամանակներից  սերբերն ու հայերն ապրում են իրենց պատմական տարածքներում ու հերոսաբար  մաքառում ազգային նկարագիրն անաղարտ պահելու սրբազան գործի համար։  Հինգերորդ դարում Խորենացին սովորեցնում է, թե ինչ է հայրենիքը, որն է հերոսությունը, ինչպիսի լույս են բերում մարդկությանը կրթությունն ու գիտությունը։   Նա իր գրքով դաստիարակել է հայերի բազում սերունդների։ Խորենացու գիրքը  բացատրում է, թե որոնք են մարդկության բարոյական արժեքները, եւ ազգային նվիրումն է, որ մարդուն դարձնում է մարդ։ Քսանմեկերորդ դարում, երբ որոշ ուժերի  թելադրանքով հին քաղաքակրթություն ունեցող, սակայն ոչ մեծ թվաքանակի  ազգերի գլոբալիզացիայի անվան տակ կամենում են կլանել ու պատմության ասպարեզից վերացնել, Խորենացու գիրքը սթափեցման կոչ է։ Այն կարեւոր է ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի այլ ժողովուրդների համար։ Գիրքն աշխարհի ժողովուրդներին օգտակար դասեր կտա, որպեսզի նրանք չվերածվեն անհոգի ու անսիրտ ռոբոտների։

Վեսնա Պեշիչն ասաց նաեւ՝ թեպետ ինքն ընդամենը 3 օր է, ինչ Երեւանում է, սակայն սիրել է գեղեցիկ Երեւանը, հիացել ՀՀ ԳԱԱ-ի շքեղ շենքով, իսկ Մաշտոցի անվան Մատենադարանի հայկական հին ձեռագրերի ցուցանմուշներն իրեն ապշեցրել են։  Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանից նվեր է ստացել «Մատենադարան» հրաշալի ալբոմը։ Ի դեպ, տիկին Վեսնան գիրք է գրելու Հայաստանի մասին, ու իր մտքում այդ գիրքն արդեն «գրվում» է։ Հաջորդ անգամ Հայաստան է գալու ոչ թե 10 օրով, այլ ավելի երկար ժամանակով եւ կբերի իր նոր գիրքը։ Այն անվանելու է՝ «Կոչիր ինձ, Գարուն», որովհետեւ իր անունը հայերեն Գարուն է, իսկ Գարունը կյանքի վերածնունդն է. ինքը կտեսնի վերածնվող Հայաստանը։

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]