Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Քարոզարշավ օր 7. ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները

Քարոզարշավ օր 7. ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ․ քաղաքական ուժերը 
շարունակում են արշավները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

 

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Գեղարքունիքի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 10։00-ին կլինեն Գավառում, այնուհետև կշարժվեն դեպի Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի մարզում։ Հանդիպումները կսկսեն 10։30-ին Եղվարդ քաղաքից։ Կլինեն նաև Նոր Գեղիում, Նոր Հաճնում, Աբովյանում, Բյուրեղավանում, Չարենցավանում, ապա Հրազդանում, որտեղ հանրահավաք տեղի կունենա ժամը 18։00-ին։ Ժամը 19։00-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում կլինի իրազեկման երթ, մեկնարկը կտրվի Գարեգին Նժդեհի հրապարակից։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 13-ին լինելու է Սյունիքի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումները կանցկացվեն Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ից սկսած հանդիպումներ կլինեն Նոյեմբերյանում, Բերդում, Իջևանում, ինչպես նաև Դիլիջանում։ 

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը հանդես կգա ասուլիսով։ Դաշինքի կենտրոնակայանում տեղի կունենա պատգամավորի թեկնածու, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի մամուլի ասուլիսը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը կլինի Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Կապանում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Լոռու մարզում։ Նրանք կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը: 11։30-ին կայցելեն Ջրաշեն գյուղ, իսկ 13։00-ին՝ Վանաձոր։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 13-ին, առավոտյան կլինեն Երևան քաղաքում՝ Ավան վարչական շրջանում։ 

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը ժամը 15։00-ին կլինի Ազատության հրապարակում, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կամփոփի քարոզարշավի առաջին 6 օրը։ Այնուհետև նույն օրը, ժամը 16։00-ին կուսակցության անդամները կլինեն Մասիս քաղաքում, ապա Արտաշատում, Արարատում և Վեդիում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի Արարատի մարզում։ Ներկայացուցիչները հավաք են նախաձեռնել Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]