Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոդքաստ նախագիծ «Հայաստանի ապագան»: Սևակ Արծրունի․ Հայաստանը պետք է դառնա միտք արտահանող երկիր

Փոդքաստ նախագիծ «Հայաստանի ապագան»: Սևակ Արծրունի․ Հայաստանը պետք է 
դառնա միտք արտահանող երկիր

Ո՞րն է Հայաստանի հնարավոր ապագան: Հնարավո՞ր է, արդյոք, առկա ռեսուրսններով ու սահմաններով ապահովել սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու գիտամշակութային կայուն զարգացում:

Ի՞նչ նախադրյալներ ու ներուժ է առկա Հայաստանում կայուն առաջընթաց արձանագրելու և համաշխարհային համակեցությանը համընթաց շարժվելու համար:

Հայաստանի ապագային վերաբերող այս և այլ կարևոր հարցերի պատասխանները «Հայաստանի ապագան» նոր՝ փոդքաստ նախագծում:

Նախագծի առաջին հյուրն է «Կառուցիր Հայաստան» և «Մեր հնարավոր ապագան» նախագծերի հեղինակ ու հիմնադիր Սևակ Արծրունին:

Հայաստանի զարգացումը համաշխարհային համատեքստում դիտարկող «Մեր հնարավոր ապագան» նախագծի տեսլականը համահայկական համաձայնության կայացումն է, որին կհաջորդի հայության ժողովրդագրական, նյութական և գիտելիքների ներուժի միաժամանակյա օգտագործումը Հայաստանի, հայության և ամբողջ մոլորակի կայուն զարգացման նպատակով:

«Կառուցիր Հայաստան» նախագիծը արդեն իսկ մեկնարկել է հայրենադարձության ու տնտեսական զարգացման «ՀԱՅ ՓՐՈՍՓԵՔԹ» համալիր ծրագիրը, որի շրջանակում հիմնադրվում է նոր բնակավայր՝ արտադրական և նոր տեխնոլոգիական թաղամասերով ու դրանց հարևանությամբ գտնվող բնակելի և հասարակական տարածքներով:

 Ըստ նախագծի հեղինակի՝ «ՀԱՅ ՓՐՈՍՓԵՔԹ» կայուն համայնքների համահայկական նախագիծը երկրի զարգացման խնդիրների՝ ազգային մակարդակում լուծման հեռանկարը տեսնում է Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համատեղ, կայուն զարգացման մեջ:

- Պարոն Արծրունի, որքանով նկատելի է՝ այս ծրագիրը Հայաստանի ապագան համաշխարհային զարգացումների համատեքստում է դիտարկում:

- Իրականում մենք հիմա գտնվում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ ամբողջ աշխարհում կա լուրջ քաղաքակրթական ճգնաժամ: Մենք ժառանգել ենք այնպիսի քաղաքակրթական ուղղություններ, որոնցից և ոչ մեկը, դժբախտաբար, այսօր բարվոք վիճակում չէ, և կարելի է ասել, որ մարդկությունը գտնվում է անելանելի վիճակում՝ քաղաքակրթական զարգացումների տեսակետից: Իրականում բոլոր ուղղություններում իշխում է կեղծիքը, այսինքն, ինչպես հիմա սովորաբար ասվում է, ֆեյքը: Մենք ձևացնում ենք, որ ժողովրդավար ենք, ձևացնում ենք, որ հայրենասեր ենք, ձևացնում ենք, որ ազգասեր ենք և այլն: Բոլոր արժեքները, դժբախտաբար, հիմա գտնվում են խորը ճգնաժամային վիճակում: Հիմա յուրաքանչյուրը մտածում է, հավատում է, որ հայությունը միշտ քաղաքակրթական շարժումների առաջամարտիկ է եղել, և ինքը՝ որպես համակարգող, կամա թե ակամա ինչ-ինչ պատճառներով մասնակցություն է ունեցել: Երևի այս անգամ էլ նման մի բան է տեղի ունենալու: Մենք այսօր գտնվում ենք ազգային մեծ, շատ խորը ճգնաժամի մեջ, և այն ի հայտ չի եկել վերջին 44-օրյա պատերազմից հետո։ Կարծում եմ, անկախության առաջին օրվանից ի վեր ամբողջ աշխարհով սփռված հայությունը գտնվում է թե ինքնության, թե ազգային ծրագրի խորը ճգնաժամի մեջ: Այնպես որ, այս նախագիծը, որն ունի բազմաթիվ ուղղություններ՝ գործնական և տեսական փորձ է արդեն նաև աշխատանքային հենք ստեղծելով՝ որոնել, գտնել և առաջարկել ինչ-որ լուծման ճանապարհներ:

- Նախագիծը կարծես եզակի բեկումնային տնտեսական ծրագիր է, որ իր մեջ ունի փիլիսոփայական խորք և իմացաբանական հիմք: Արդյոք այդ հիմքն ամենակենսունա՞կն է այսօր, և ի՞նչ հիմքերի վրա պիտի դնել Հայաստանի ապագայի մասին քննարկումը:

- Կա երկու փաստ: Առաջինը՝ (անշուշտ, մոտավոր թիվ է) 10 միլիոնանոց հայությունը ունի շատ մեծ, շատ հզոր գիտելիքների պաշար և կապիտալ: Այս պայմաններում, մենք ապրում ենք մեր հայրենիքում, որն ունի 2-3 միլիոն բնակչություն՝ այդ գիտելիքների երևի թե 10 տոկոսից պակասն ունեցող հասարակությամբ: ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ նաև գիտելիքների առումով մեր կապիտալի 80 տոկոսը գտնվում է Հայաստանից դուրս: Մենք ուզում ենք այսօր մեր ճակատագիրը կապել հայրենիքի ու մեր պետության հետ, սակայն մեր և՛ ժողովրդագրական, և՛ գիտելիքների, և՛ տնտեսական, և ՛ նույնիսկ բարոյական ամբողջ ներուժի պաշարները գտնվում են Հայաստանից դուրս՝ ենթակա հիմնականում փոշիացման կամ, ամեն դեպքում,թերօգտագործման:

Մեր նախագծի առաջին ուղղությունը հենց սա է, և, կարծում եմ, հենց սա է հիմքը, որի վրա դրվելու է ամեն ինչը: Հայությունն ամբողջ աշխարհում պետք է մասնակցի Հայաստանի, հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը և ոչ անպայման տեղափոխվելով այստեղ, քանզի հասկանալի է, որ մարդն ապրում է այնտեղ, որտեղ բարգավաճման հեռանկար է տեսնում, իսկ Հայաստանում այսօր բարգավաճման հեռանկարը շատ թույլ է: Հայաստանը պետք է լինի ոչ միայն հայերի բնակության վայրը, այլ նաև դառնա քաղաքակրթական, հայակենտրոն ինչ-որ նախագիծ, որին բոլորը ցանկանան մասնակցել՝ լինեն Հայաստանում,  թե Հայաստանից դուրս, և իրենց ինքնությունը կապեն այդ նախագծի հետ: Իրենք նախագծի մաս կազմեն ու դրանով իրենք իրենց հայ զգան:

- Գործնականում ինչպե՞ս եք տեսնում նախագծի ու ծրագրերի իրականացմանը հասնելու ուղիները:

- Նախագծի երևի թե ամենամեծ հաջողության գրավականն այն է, որ այն միայն տեսական ու գրքային չէ: Փաստացի արդեն ծրագիր է սկսվել՝ Հայաստանում կառուցում ենք առաջին կայուն համայնքը։ Բառացիորեն «հողի վրա» փաստացի արդեն սկսել ենք այդ աշխատանքները: Վերջին շրջանում նաև ակնառու է իշխանությունների հետաքրքրությունն այս ծրագրի նկատմամբ և բավականին ակտիվ համագործակցության ապացույց ունենք: Մենք արդեն ստորագրել ենք հուշագրեր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Աբովյանի համայնքապետարանի հետ, որովհետև առաջին կառուցվող համայնքը գտնվում է հենց Աբովյան քաղաքի տարածքում: Մեր նապատակն այն է, որ Հայաստանում ստեղծվի համամարդկային արժեքներով տոգորված բաց, նաև հայկական ուժեղ ինքնությամբ մի համայնք, որը լինի կայունության փարոս Հայաստանում և Հայաստանից դուրս ամբողջ հայության շրջանակում:

Ժամանակակից բիզնեսը կաշկանդված չէ սահմաններով: Հայաստանը պետք է լինի մտքի և ոչ նյութական արժեքների ստեղծող և տարածող:

Միևնույն ժամանակ, այս համայնքն երկու հզոր մեկնակետ ունի: Նախ՝ գտնվում է երկաթգծի հարևանությամբ, և մենք հաջողել ենք էկոնոմիկայի նախարարության և կառավարության հետ համաձայնություն ձեռք բերել, որպեսզի այդ տարածքում սկսենք կառուցել երկաթգծի ազատ պահեստների համակարգ: Դրա միջոցով համայնքը կկարողանա ապրանքանյութական շրջանառության խաչմերուկ ծառայել եվրասիական երկրների, Արևելքի և, ինչու չէ, նաև  Արևմուտքի միջև: Երկրորդ՝ մենք արդեն սկսել ենք կառուցել ազատ արդյունաբերական գոտի՝ 20 հեկտար տարածքի վրա, որտեղ ակնկալում ենք, որ ամբողջ աշխարհի հայությունը կկարողանա ստեղծել իր գործարանները՝ օգտվելով մեր հարաբերական առավելություններից, որոնցից մեկը Եվրասիական գոտում լինելն է, մյուսը՝ երկաթգիծ ունենալն ու ազատ մաքսային գոտում լինելը: Հաջորդ հանգրվանում մենք կստեղծենք տեխնոլոգիաների դպրոց, ՀայԹեք պարկ, բնակարաններ և այլն: Շատ կարևոր է, որ կառավարության հետ այս կարևոր արժեքները կարողանանք իրականացնել ու շոշափելի դարձնել:

- Մենք, փաստորեն, խոսում ենք բեկումնային նախագծերի մասին: Հայաստանում ձևավորում է նոր համայնք՝ իր ենթակառուցվածքով, իր առանձին փիլիսոփայությամբ և, իսկապես, գոնե վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, թույլ տվեք ասել, որ նման «հանդուգն» նախագիծ չի մշակվել և չի իրականացվել, բայց այսօր կարծես թե այն միս ու արյուն է ստանում: Հաշվի առնելով գիտելիքի, նոր տեխնոլոգիաների ու մտածողության փոփոխության խիստ կարիքը, ե՞րբ եք հավանական համարում նախագծի ամբողջացումը և ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի այն իրականություն դառնա:

- Նախ նշենք, որ ծրագրի թիկունքին կանգնած է այնպիսի մեծ գործարար, ինչպիսին Վարդան Սրմաքեշն է, որն այս ծրագիրը սկսել է իր ֆինանսական միջոցներով: Ունենք գաղափարախոսություն, որը քիչ թե շատ վերը ներկայացրեցինք: Այդուհանդերձ, իրականում սա երկու, երեք կամ մի խումբ մարդկանց ծրագիր չէ։ Մեր գլխավոր նպատակն այն է, որպեսզի ամբողջ հայության բոլոր առաջադիմական, քաղաքակրթական, հայաստանակերտման ազնիվ գաղափարներն ու հեռանկարներն այստեղ միանան իրար: Մենք չենք ակնկալում, որ միաժամանակ պետք է ստեղծենք և ՛ արդյունաբերություն, և ՛ դպրոց և այդ ամենը։ Մենք չենք ասում, որ մենք լավագույններն ենք: Ընդհակառակը՝ մենք կարծում ենք, որ մեզնից լավ հասկացող մարդիկ կան, որոնք բոլոր ոլորտներում այսօր պատրաստ են հրաշքներ գործել Հայաստանում և Հայաստանից դուրս, բայց Հայաստանի համար: Այդ մարդիկ պետք է համախմբվեն այս ծրագրի ու տարածքի շուրջ: Մենք մոտավորապես արդեն ձեռք ենք բերել 75 հեկտար տարածք և հուսով ենք, որ շուտով  կհասցնենք մինչև 120-130 հեկտար տարածքի: Համայնքը բավականին մեծ է և ունի բոլոր անհրաժեշտ գոտիները, և կարծում ենք, որ կարող է մոդելային կամ պիլոտային կենտրոն դառնալ ամբողջ Հայաստանում տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար: Այնպես որ, սա առաջին հերթին ծրագիր է, որը կոչ է ուղղում Սփյուռքում և Հայաստանում բոլորին, որպեսզի, անկախ միջոցների առկայությունից, իրենց ունեցած ծրագրերով միանան այս գաղափարին: Սա կարևորագույն հանգամանք է, քանի որ մենք չենք եկել փակ դռներով ու փակ շրջանակով ինչ-որ ծրագիր իրագործելու ցանկությամբ:

- Իսկապես, ժամանակակից աշխարհը ուրիշ մարտահրավերներ ու խնդիրներ է առաջադրում: Նոր համայնքը լինելով մարդակենտրոն՝ համայնքակենտրոն է։ Ուղղված լինելով անհատի զարգացմանը՝ միտված է համազգային զարգացմանը: Արդյոք հակասություն կա՞: Արդյոք միայն մեր ուժերը կբավարարե՞ն նման բեկումնային ծրագրի իրագործման համար, թե՞ անհրաժեշտ կլինի ներգրավել նաև միջազգային գործընկերների:

- Միջազգային տնտեսագետները, տեսաբաններն անցած տասնամյակում ապացուցել են, որ քաղաքականությունը ստեղծվում է գաղափարներով և ոչ թե գումարներով: Ինչո՞ւ են հարստանում որոշ պետություններ, իսկ մյուսները՝ ոչ: Պատճառը ոչ թե ծովն է, հանքերը կամ լավ գործարանները, այլև լավ գաղափարները: Եթե այդ գաղափարները համամարդկային առումով շոգեքարշային նշանակություն ունեն, նորարական են և իրատեսական, ապա դրանք քաղաքակրթակերտ նախագծեր են դառնում, որոնք հարստացնում են այդ ազգերին: Բոլորս մեր կյանքի փորձից գիտենք, որ հայ մարդը նորարար, ստեղծագործ անհատ է, և գիտենք նաև, որ հայ ժողովուրդը հակված է արտագաղթելու, որովհետև լինելով նորարար, նա գնում է ապրելու այն երկրներում, որտեղ կարող է հարստություն ստեղծել՝ իր կամ ուրիշների համար: Այս համայնքի և նախագծի հիմնական խնդիրը հայկական նորարարական մտածողության և գենետիկայի պաշարն օգտագործելն է Հայաստանում քաղաքակրթական նախագիծ ստեղծելու համար: Ինչո՞ւ ենք կայուն համայնքների ստեղծման նախագիծն ընտրել:

Պատկերավոր ասած՝ աշխարհը գնում է դեպի կործանում, և ես գիտական փաստերով եմ խոսում: Այսօր ազգեր կան, որոնք տարիների ընթացքում հայտնվելու են շատ մեծ խնդիրների առաջ, որոնց լուծումը մարդկությունը մինչև այսօր չի գտել: Այս ուղղությամբ ամեն օր աշխատում են մեծ ու հարուստ պետություններ, բայց միայն հարստությունն ու մեծ լինելը չեն բավականացնելու այդ գաղափարները կյանքի կոչելու համար: Պետք է ստեղծագործական ազատ մտածողության կենտրոններ աշխատեն, որպեսզի ստեղծվի նոր քաղաքակրթական մոդել, որ մարդկությունը փրկվի այս ընթացքից: Մենք հավակնում ենք դրան: Մենք ասելով՝ նկատի ունեմ ոչ թե մի քանի մարդու, այլ՝ ազգը: Մենք գիտենք, որ բոլոր նոր քաղաքակրթությունների համար հայությունը միշտ եղել է առաջամարտիկ: Կարծում եմ՝ այս անգամ էլ կարող է նույն բանը կրկնվել, եթե մենք կարողանանք դուրս գալ մտածողության ճգնաժամից:

- Նոր համայնքի բնակիչներն ինչպիսի՞ սկզբունքով են «ընտրվելու»: Ովքե՞ր են լինելու առաջին բնակիչները:

- Մենք անցած տարիներին զբաղված էինք սփյուռքահայերին բնակարաններ վաճառելով, որպեսզի ունենալով բնակարան՝ նրանք տեղափոխվեն Հայաստան: Այդպիսով «հայրենադարձություն բիզնես» ենք իրականացրել: Ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այդ մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, բերել են իրենց ընտանիքը և վերադարձել, որովհետև այստեղ իրենց աշխատանքի հարցը չեն կարողացել լուծել: Քանի որ նրանց երեխաների ու կանանց համար Հայաստանն ավելի հարազատ երկիր է՝  հաճելի առօրյայով, քան, օրինակ, Քուվեյթը, Սիրիան կամ Լիբանանը, իրենք սկսել են ավելի շատ գնալ ու գալ, ինչը, բնականաբար, հարցի լուծում չէ: Այս գաղափարը ծագեց այդ հարցադրումից՝ ինչպե՞ս անել, որպեսզի այդ մարդիկ գան Հայաստան աշխատանքի նպատակով:

Մեզ մոտ կբնակվեն այն մարդիկ, որոնք այստեղ աշխատանք կստեղծեն կամ կունենան: Մենք բնակարաններ չենք վաճառելու միայն վաճառելու համար: Յուրաքանչյուր նախագիծ, որը կիրականանա, կստեղծի համապատասխան թվով աշխատատեղեր, և մարդիկ կբնակվեն այդ համայնքում: Կոնցեպտն այնպիսին է, որ այդ համայնքում մարդն առանց աշխատանք չմնա: Միևնույն ժամանակ, այս քաղաքն այնպես է ծրագրված ու կառուցվելու, որ յուրաքանչյուր անհատ անընդհատ զարգանա իր աշխատանքով: Այնտեղի աշխատաշուկան լինելու է շատ առաջադեմ: Մենք փորձում ենք 21-րդ դարի երկրորդ կեսին համապատասխան աշխատատեղեր ստեղծել այդ համայնքում: Սա շատ կարևոր է, որովհետև աշխատաշուկան ամբողջությամբ փոխվում է հիմնականում բարձր տեխնոլոգիաների շնորհիվ: Մենք այսօր մեր շուրջը տեսնում ենք, որ շատ մարդիկ հեռավար՝ տնից են աշխատում, որովհետև իրենց աշխատանքը կազմակերպում են համակարգչով ու առցանց: Մեր շինարարական, ճարտարապետական մոդելներն էլ են փոփոխվել:

՞ր փուլում է գտնվում նոր համայնքի կառուցումը:

-Այս տարվա սեպտեմբեր ամսին մենք կոչ կուղղենք համայն հայությանը, գործարար բոլոր շրջանակներին, գործատուներին Հայաստանում և Հայաստանից դուրս, որպեսզի գան և մասնակցեն այս ծրագրին, կառուցեն գործարաններ և ոչ միայն: Նաև կարող են ներդրումներ կատարել առողջապահական, կրթական, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, բնակարանաշինության, ստարտափերի ստեղծման  ոլորտներում: Մենք բոլորին կոչ կանենք բիզնես ստեղծել մեր շատ հետաքրքիր գործարար տարածքում:

- Համայնքն ունի՞ պայմանական անուն:

 - Այս պահին այն կոչվում է Աբովյանի «Հայ փրոսփեքթ» համայնք: Համայնքն ընդգրկվելու է Աբովյան քաղաքի կազմում: Բանակցություններ են ընթանում,որպեսզի ինչ-որ մի պահի այն առանձին համայնք դառնա: Աբովյանի տարածքում համայնքը ստեղծելն ունի շատ կարևոր ռազմավարական նշանակություն։ Այն գտնվում է Երևանի կենտրոնից 14 կիլոմետր հեռավորությամբ, արվարձաններից ընդամենը 7 կիլոմետր, Հյուսիս-հարավ ճանապարհից 10 կիլոմետր հեռավորությամբ, հասանելիություն ունի Երևան-Թիբիլիսի երկաթգծին,  Սևանի մայրուղու անմիջապես եզրին է ու Եղվարդի օդանավակայանի մոտ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից հեռու է շուրջ 40 կմ: Հանգույցների առումով շատ ռազմավարական դիրքում է:

- Որպես վերջաբան հետաքրքիր կլիներ լսել «Կառուցիր Հայաստան» նախագծի ՝ «Կայուն մոլորակում՝ կայուն զարգացող Հայաստան» գաղափարախոսության Ձեր մեկնաբանությունը:

- Նախ յուրաքանչյուրս մարդ ենք և հակված ենք մեր երեխաներին փոխանցելու անվտանգ կենսապայմաններ, զարգացման ու բարգավաճման հնարավոր միջավայր: Այսօր աշխարհն իսկապես այնպիսի ճգնաժամի մեջ է, որ մենք չգիտենք ինչ ենք փոխանցելու մեր զավակներին ու թոռներին: Ինքս ունեմ զավակներ, և նրանք մտահոգ են իրենց զավակների համար: Մյուս կողմից, մի փոքր ավելի օպորտունիստական մոտեցմամբ, մենք բոլորս գիտենք, որ եթե աշխարհն ուզում է փոխվել, ապա պետք է ստեղծվեն նոր աշխատանքների ձևեր, աշխատատեղեր, որոնք որպես այդպիսին բիզնես հնարավորություններ, հեռանկարներ են, և որոնցից Հայաստանն ու ամբողջ հայությունն անպայման պետք է օգտվի: Մենք պետք է հասնենք նրան, որ ամբողջ ազգը համախմբվի Հայաստանի շուրջ՝ դեպի ապագան նայող քաղաքակրթական, մեծ բիզնես-նախագծերի մեջ: Մենք այդպես ենք տեսնում ապագան, որի հիմքերն ենք այսօր դնում:

Հարգելի ունկնդիրներ, «Արմենպրես»-ի  «Հայաստանի ապագան»  փոդքաստ նախագծի առաջին հյուրն էր «Մեր հնարավոր ապագան» և «Կառուցիր Հայաստան» նախագծերի հեղինակ ու հիմնադիր Սևակ Արծրունին:

Զրույցը վարեցին

Արամ Անանյանը և Վան Նովիկովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]