Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն. Արամ Ա
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է:
«Մեր պատմության հին թե նոր փոթորիկները, մեր հին թե նոր թշնամիները չկարողացան քանդել մեր Տունը՝ Հայաստանը: Մենք չպետք է քանդենք այն: Մենք պատասխանատու ենք ու համարատու մեր սրբերին և նահատակներին ու մեր պատմությանը:
Հայաստանի գերագույն շահերը պետք է ամենից վեր լինեն: Դա պետք է լինի մեր բոլորի մոտեցումը այսօ՛ր և մի՛շտ»:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանրահավաք, որին հաջորդել է երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել է ընդդիմության հանրահավաքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում