Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը Երևանի քաղաքապետարանը կուղղի Ստեփանակերտին

Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը Երևանի 
քաղաքապետարանը կուղղի Ստեփանակերտին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամն ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Այդ 100 մլն դրամը կվերաբաշխվի Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ:

«Գումարը հատկացվելու է Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով»,- նշեց Ներսիսյանը:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը փոխքաղաքապետին հարցրեց, թե Արցախի Հանրապետությանն արվելո՞ւ են, արդյոք, այլ հատկացումներ ևս, ինչին ստացավ դրական պատասխան:

«Մենք ունենք ՀՈԱԿ-ներ, որոնք ստեղծվել են դեռ անցյալ տարի և որոնց հատկացրել ենք խոշոր չափի գումարներ, սակայն դրանք իրենց գործունեությամբ չեն արդարացրել իրենց: Առաջարկում եմ այդ ՀՈԱԿ-ներին տրամադրված գումարների որոշակի մասը վերցնել և հատկացնել Ստեփանակերտին, որպեսզի հնարավոր լինի շոշափելի աշխատանքներ կատարել»,- ասաց Մանրիկյանը:

Ներսիսյանը նշեց, որ Արցախին կլինեն հատակցումներ, սակայն պետք է քննարկեն, թե ինչ տեսքով կլինեն դրանք:

«Մեծ սիրով կընդունենք ձեր առաջարկը քննարկման, ինչից հետո կորոշենք, թե ինչպես ենք իրականացնելու»,- շեշտեց Ներսիսյանը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին դրական եզրակացություն են տվել:

Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ