Քաղաքականություն

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որՌուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը, վարչապետը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:

Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»::

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում